ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է՝ իմանալ՝ ՏՄՊՊՀ-ի կողմից կաթնամթերքի բոլո՞ր տեսակներն են ուսումնասիրվել: Մյուս ընկերությունների արտադրանքները ստուգվե՞լ են, թե՞ պարզապես այդ երեք ընկերություններն են ստուգվել ու պատժվել:

Սիլվա Հակոբյան, 70 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կաթնամթերքի շուկայում իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում դիտարկվել է շուկայում գործող հիմնական` ութ արտադրողների գործունեությունը: Անբարեխիղճ մրցակցության փաստեր հայտնաբերվել են միայն երեք ընկերությունների կողմից իրացված կաթնամթերքում: Դրանք են` «Աշտարակ կաթ», «Մարիաննա» եւ «Անի»:

ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ
Պավել Ղալթախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՏՄՊՊՀ նախագահի տեղակալի հայտարարությունը թերեւս հետաքրքիր բացահայտմամբ է առանձնանում. մինչեւ հիմա այս կառույցը չէր հայտարարել, որ ուսումնասիրել է եւս 5 ընկերությունների արտադրանքը: Հետեւաբար, հանձնաժողովը էլ ավելի անհեթեթ իրավիճակ է ստեղծում սպառողի համար: Հայտնի է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունների թիվը 8 չէ, էլ չասած, որ  փաստորեն  անհայտ են  մնում  այն արտադրողների անունները, որոնց արտադրանքը նույնպես ուսումնասիրվել է, եւ ըստ հանձնաժողովի հավաստիացումների` ոչինչ չի հայտնաբերվել: Եթե ՏՄՊՊՀ-ն համարձակվի ու  հայտարարի նաեւ մաքուր արտադրանք առաջարկողների անունները, ապա կաթնամթերքի շուկան բավական յուրօրինակ ու ցանկալի ցնցումների կենթարկվի: Հայտնի է, որ  «Աշտարակ կաթ», «Մարիաննա» եւ «Անի» ընկերությունների արտադրանքը ոչ միայն ամենաթանկն է, այլեւ ինչպես պարզվեց` նաեւ ամենավտանգավորն առողջության համար: Նման իրավիճակում սպառողները, բոյկոտելով վեջիններիս, կսկսեին նախապատվություն տալ ազնիվ մրցակցության կողմնակից կաթնամթերք արտադրողներին: Արդյունքում ե՛ւ  «Աշտարակ կաթ»-ը, «Մարիաննա»-ն, ու «Անի»-ն կպատժվեին, ե՛ւ բարեխիղճ արտադրողները կտրուկ կմեծացնեին իրենց արտադրանքի իրացման ծավալները:




Լրահոս