ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾԻ

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` ՌԴ-ն երկու նպատակ ունի՝ չլուծել ԼՂ հակամարտությունը եւ ԼՂ-ում տեղակայել ռուսական զորքեր խաղաղապահի անվան ներքո: Նրա կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն արդեն ամբողջովին տնօրինում է ՌԴ-ն: Ավելին, իր շահերը հետապնդելով՝ ՌԴ-ն ԼՂ հակամարտությունը չի լուծի այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Շահնազարյանը կարծում է, որ 1988թ.-ին Հայաստանը ԼՂ-ն ազատագրեց առաջինը ռուսական կայսրությունից, այնուհետեւ նոր՝ Ադրբեջանից:

ԾԵԾԵԼ ԵՆ

«ԳԱԼԱ»-ի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը, նրա որդին ու եւս մի քանի հոգի ծեծել են Երեւանի բնակիչ Ղազար Մուրադյանին եւ վերջինիս մորը: Ղազար Մուրադյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները, լրատվամիջոցին ասել է. «Իրանք մեր հողամասի դիմաց ծառեր էին տնկում, որպեսզի մենք չկարողանանք այդտեղից մուտք բացել: Մայրս ասաց՝ այդպիսի բան մի՛ արեք, դուք իրավունք չունեք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել, եւ այդ պահին Վահրամ Աբրահամյանը հրեց եւ բռունցքով հարվածեց մորս կրծքավանդակին: Փորձեցի միջամտել, բոլորը հարձակվեցին ինձ վրա եւ սկսեցին ինձ հարվածել չորս կողմից»: Ղ. Մուրադյանի մայրը գտնվում է հիվանդանոցում: Որդու փոխանցմամբ` մոր առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր. նա ինֆարկտ է ստացել:

ՀԱՆՈՒՆ ՔՅԱԼՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒ

Կառավարության առաջիկա` նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում ներառված է Երեւանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը: Այդ հատվածում նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում հիմնականում «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից: Այդ ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին եւ նրա կնոջը` Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին:

ԳՅՈՒՄՐԻՆ` ԱՄԵՆԱԲԱՑ ՔԱՂԱՔ

Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Գյումրին փակ քաղաք դարձնելու մասին խոսակցություններին, երեկ ասել է. «Գյումրին փակ քաղա՞ք, Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքը եղել է եւ կմնա, այդպիսի ծրագրեր չկան՝ Գյումրին փակ քաղաք դարձնելու: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն Երեւան է այցելելու, այլ նաեւ Գյումրի: Ուզում եմ նշել, որ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն: Այս այցելությունը հենց այդպիսին կլինի, եւ դա մեր ժողովրդի, նաեւ գյումրեցիների շահերից է բխում»:




Լրահոս