«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն այսօր խորհրդարանում դրվեց քվեարկության:
Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկան խմբակցությունների ներկայացուցիչները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք երեկ ամբողջ օրը հանդիպել են անհրաժեշտ մասնագետների հետ, և գտնում են, որ շատ հարցեր թերի են:
«Այդուհանդերձ, մենք չենք կարող կողմ քվեարկել, այդուհանդերձ չենք քվեարկի դեմ, որպեսզի հնարավորություն տրվի Կառավարությանը կրկին աշխատել այս օրենքի շուրջ», – նշեց նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ լրամշակված նախագիծը կես քայլ առաջ է: «Սակայն մենք այս նախագծին կքվեարկենք ձեռնպահ», – նշեց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց՝ նախագիծը հակասահմանադրական է, ուստի՝ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս նախագծին, և կոչ արեց քաղաքական ուժերին հրավիրել արտահերթ նիստ: Իր հերթին՝ նույն խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե ինքը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք միշտ էլ դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին:
«Սա մի քայլ առաջ է, բայց չի լուծում բոլոր մտահոգությունները: Մենք որոշել ենք ձեռնպահ մնալ», – հայտարարեց նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, թե իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
Վերջում էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, թե իր համար անհասկանալի է, թե ինչին են դեմ և ինչին են ձեռնպահ, և կոչ արեց լինել կողմ: Նույն խմբակցությունից Հակոբ Հակոբյանն էլ զարմանք հայտնեց ոչ իշխանական ուժերի դիրքորոշման վերաբերյալ, նշելով, թե երեկ ավելի ճիշտ դիրքորոշում էին ներկայացնում:
«Ես չգիտեմ, թե ձեր մոտ գիշերն ինչ փոխվեց», – նշեց նա: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտնեց, թե խմբակցությունը կողմ է այս նախագծին, և կոչ արեց կողմ քվեարկել:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 68՝ կողմ, 12՝ դեմ և 36՝ ձեռնպահ ձայներով: