ՀԱԿ-Ը ՀԵՏ ՉԻ ՎԵՐՑՆԻ ԻՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, այժմ փախուստի մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի անվտանգության նախկին պետ Սուրեն Սիրունյանը (Վանոյի ճուտը), որը հայտնի 7-ի գործով քաղբանտարկյալներից մեկն էր, Եվրադատարանից իր դիմումը հետ է վերցնում:
«Թե՛ մինչեւ 2008թ. մարտի 1-ը, թե՛ մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել,  այն կիսատ են թողել ու գործարքի են գնացել ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյալ ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը հետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անուններն իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար: Այն մարդը, որը հայտարարեց, որ պատրաստ է գործիք լինել հասարակության ձեռքին, հենց ինքը քաղբանտարկյալներին որպես գործիք օգտագործեց իր սեփական ու ներխմբային շահերի համար: Ես առաջինն եմ, որ հայտարարում է այն մասին, որ որոշել է հետ վերցնել իր հայցադիմումը Եվրադատարանից, քանզի այլես չեմ ցանկանում, որ իմ անունը գործիք դառնա Հայ ազգային կոնգրեսի եւ կոնգրեսականների ձեռքին, ովքեր հետապնդում են ոչ թե հասարակության շահը, այլ իրենց ներխմբային շահը»,-երեկ հայտարարել է Սուրեն Սիրունյանը:
Հնարավո՞ր է` ՀԱԿ անդամ քաղբանտարկյալները եւս հետ կանչեն իրենց դիմումները: «Ժողովուրդ»-ի այս եւ մյուս հարցերին պատասխանեց ՀԱԿ անդամ, «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը:
-Ես` որպես «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության ղեկավար, ասում եմ, որ ՀԱԿ-ին համակրող, ՀԱԿ-ի շուրջ համախմբված քաղբանտարկյալները դիմել են Եվրադատարան, եւ որեւէ մեկը պատրաստ չէ հետ վերցնել հայցադիմումը:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ:
-Որովհետեւ հայցադիմումը հետ վերցնելը կնշանակի, որ այն ծանր հանցագործության մեղադրանքները, որ առաջադրվել էին մեր քաղբանտարկյալ ընկերներին, ընդունում են: Ես համոզված եմ, որ որեւէ բարոյական մարդ չի կարող ընդունել այդ մեղքը: Մենք հարկադրված ենք դիմել Եվրադատարան, որպեսզի ապացուցվի հայրենի իշխանությունների սնանկությունն ու այն կեղծ մեղադրանքները, որոնք առաջադրվել էին… Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ ՀԱԿ-ի շուրջ համախմբված քաղբանտարկյալներից որեւէ մեկը հայցը հետ չի վերցնի: Կարող է մեկ-երկուսը լինեն, որոնք որեւիցե կապ չունեն ՀԱԿ-ի հետ: Ասեմ, որ այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք իշխանությունների ձեռամբ դատապարտվել էին եւ նրանց ներդրած մարդիկ էին, նրանք են տարբեր հայտարարություններ անում:
-Իշխանության կողմից ներդրված մարդիկ ասելով` Ձեր ակնարկն արդյո՞ք վերաբերում է Սուրեն Սիրունյանին:
-Ես ափսոսանք կհայտնեմ, որովհետեւ Սիրունյանն ամբողջ դատավարության ընթացքում իրեն շատ բարձր պահեց եւ ամենաշատն ինքն էր հանդես գալիս դատապարտող հայտարարություններով, այսօր հանդես է գալիս այլ կերպ: Ափսոսում եմ, որ 7-ի գործով անցած որեւէ մեկը կարող է համաձայնել այդ ծանր մեղադրանքի հետ եւ հետ վերցնել հայցը:
-Իսկ գործարար Խաչատուր Սուքիասյանի մասով ի՞նչ կասեք:
-Չեմ կարծում: Բացառված կլինի, որ Սուքիասյանը հետ վերցնի դիմումը: Տեղեկություն չունեմ, բայց համոզված եմ, որ չի կարող լինել նման բան:
-Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ ինչ էլ լինի Հայաստանում, ումից էլ նեղացած լինեն, ընդդեմ Հայաստանի Հանրապետության չպետք է դիմում ներկայացնեն:
-Ես ասացի, որ որեւիցե մեկն իմ քաղբանտարկյալ ընկերներից չի կամեցել դիմել Եվրադատարան: Մենք ցանկացել ենք արդարադատությունը հայրենի դատարաններում փնտրել, բայց, ցավոք սրտի, հայրենի իշխանությունները չհրաժարվեցին այդ ծանր մեղադրանքից, որ առաջադրվել էին մեր ընկերներին, եւ շարունակեցին մեզ մեղադրել 10 հոգու սպանության, անկարգություններ անելու մեջ: Մեր քայլը ոչ թե հայրենիքի դեմ է, այլ հանցագործություն կատարած անձանց:
-Ինչպե՞ս:
-Մենք Եվրադատարանի վճռով չենք սահմանափակվելու, այլ պայքարելու ենք, որպեսզի պետությունը ռեգրեսիվ հայց հարուցի բոլոր այն մարդկանց դեմ, որոնք մեր երկրում այսպիսի արդարադատություն են իրականացնում, որոնք սարքել են այս կեղծ մեղադրանքները եւ դատապարտել են մեր ընկերներին: Մեր խնդիրն այն է, որ այսուհետ որեւէ դատավոր, մեղադրող դատախազ չդառնա գործիք հայրենի իշխանությունների ձեռքին: Պետք է հասնենք նրան, որ իրենց գույքով եւ ունեցվածքով փոխհատուցեն, որպեսզի սրանից հետո որեւէ մեկը չփորձի որեւէ քաղաքացու կեղծ մեղադրանքներով դատապարտել:
-Ձեր հայրենի ընտրատարածքում թեժանում է պայքարը: Լյովա Խաչատրյանի դեմ իր թեկնածությունն է առաջադրել Վրեժ Մարկոսյանը: Դուք պատրաստվո՞ւմ եք այդ ընտրարշավին անձնական մասնակցություն ունենալ:
-Դա Լյովա Խաչատրյանի հոր ընտրատարածքը չէ, որ նրա դեմ առաջադրել են կամ չգիտեմ ինչ: Եթե այդպես է, 3 անգամ ես եմ այդ ընտրատարածքից ընտրվել, հո դա իմ սեփականությունը չի՞ եղել: Իհարկե, ես առաջադրվելու եմ, եւ այսօր ամենաշատ բարոյական իրավունք ես ունեմ այդտեղ առաջադրվելու, որովհետեւ ես պայքարել եմ հանուն մեր երկրի ժողովրդավարության: Իմ ժողովրդի հետ հանդիպումները գալիս են ապացուցելու, որ ժողովրդավարությունը պետք է հաղթի: Ես համոզված եմ, որ թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական կարգով պետք է փոփոխություններ լինեն այս ընտրություններում, եւ ժողովուրդն իր սրտի ուզած իշխանությանը պետք է ընտրի:
-Դուք առաջադրվելու եք այն ընտրատարածքում, որտեղ իր հետաքրքրություններն ունի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վարչական լծակների կիրառման դեպքում ի՞նչ եք անելու:
-Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ով դերակատարություն ունի: Ամենամեծ դերակատարն ինձ համար միշտ եղել ու մնում է ժողովուրդը: Առանձին անձերն անցողիկ են: Նրանք իրենց ապօրինի գործողություններով կարող է ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ բան անեն, բայց ժողովուրդն իր խոսքը կասի: Հատկապես ապարանցիները պետք է արժանապատվություն ունենան եւ ընտրեն նրան, ում ցանկանում են: Կարծում եմ, որ այս ընտրության ժամանակ ինքնագիտակցության կգան բոլոր մեր ընտրողները եւ ապօրինություններին ու «իրենց դեմը խաղ չկա» պատկերացում ունեցող մարդկանց «պորտը տեղը կդնեն»` ընտրելով իրենց ուզած մարդուն:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս