«Չենք վստահում Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ կառավարությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի այն մեղադրանքին, թե Կոնգրեսը չի ընդունել Կառավարության հետ համագործակցության առաջարկը:

«Պատասխանը հետևյալն է. մենք քաղաքական թիմ ենք, և մեր քաղաքական թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առջև կանգնած խնդիրները: Մենք չենք վստահում այն կառավարությանը, որը նշանակվել է ոչ օրինակարգ իշխանության՝ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանի կողմից:

Մենք ամենևին մասնակից չենք և չենք ուզում համագործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ: Մարտի 1-ը դեռևս կա, մարտի 1-ի չպատժվածները կան, գործում են, դեռևս այս դահլիճում և այս դահլիճից դուրս են այն քաղաքական բանտարկյալները, որոնք ձեր իշխանության շնորհիվ են եղել: Հայաստանը լքում են մարտի 1-ի զոհերի ծնողները, քաղբանտարկյալները, ՀՀ-ն դատարկվում է՝ հույս չունենալով երբևէ արդարադատության», – ասաց նա, հավելելով, թե իրենց  փորձերը՝ ՀԱԿ-ին մասնակից դարձնելու այս պրոցեսներին, բնականաբար, չեն կարող հաջողված լինել:

Մանուկյանը համոզված է՝ չհամագործակցելու մեղադրանքը բացարձակ անհիմն է, որովհետև այդպիսի մեղադրանքով հանդես գալ չեն կարող այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ իշխանությունն օգտագործել են սեփական բարեկեցության համար:

«Մեր ո՞ր ահազանգը կամ առաջարկն եք ընդունել, որ հանդուրժողականության մասին եք խոսում: Երկու տարի խորհրդարանը գործում է. ասե՛ք մի օրենք, որը ընդդիմության բերած նախագիծն է և արժանացել է հավանության»,- եզրափակեց ՀԱԿ քարտուղարը:




Լրահոս