Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետաքննության աշխատակիցները հանցավոր խմբավորման 38 անդամի են ձերբակալել:
«Օպերատիվ միջոցառումներն անցկացվել են մայիսի 23-ին` ժամը 00:10-ին, Սավինսկի գետափնյա թաղամասում գտնվող «Խինկալնի» ռեստորանում:
Օպերատիվ գործողությունների ընթացքում ձերբակալվել է հանցավոր խմբավորման 38 ակտիվ անդամ, այդ թվում՝ խմբավորման ղեկավար Գուրամ Չիխլաձեն, որն իրեն «օրենքով գող» է համարում»,- հայտնել է Ռուսասատնի ՆԳՆ-ի աղբյուրը:
Ռեստորանում քրեական հավաք անցկացնելու մասին տեղեկատվությունը ոստիկանները ստացել են նախօրեին: «Օպերացիային մասնակցում էին «Ռիս» Արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները:
Միջոցառումն անցկացվել է հստակ ծրագրով, որևէ արտակարգ իրավիճակ չի ստեղծվել», – հայտնել է աղբյուրը:
Գուրամ Չիխլաձեն քրեական աշխարհում հայտնի է «օրենքով գող» «Կվեժո» մականունով: Նրա հայրը ևս քրեական հեղինակություն է եղել: 1994-ին, երբ Գուրամը 10 տարեկան էր, նրա ծնողներին գնդակահարել են Մոսկվայում:
Տղային դաստիարակել են հարազատները, ովքեր կապված են եղել քրեական աշխարհի հետ: Այդ ժամանակվանից նա ապրել է գողական կանոնակագով և դեռևս պատանեկան հասակում ստացել «օրենքով գողի» տիտղոսը:
Ըստ վարկածներից մեկի՝ Գուրամ Չիխլաձեի ծնողների սպանության ետևում կանգնած է եղել քրեական հեղինակություն Դատո Մեկլաձեն, որը գողական աշխարհում հայտնի է իբրև Դատո Պոտիյսկի: Նա գնդակահարվել է մարդասպանի կողմից 2014թ. հունվարին Մերձմոսկովյան Կրասնոգորսկում:
Ավելի վաղ Կվեժոն դատապարտվել էր թմրանյութերի տարածման համար: ՆԳՆ տվյալներով՝ Մոսկվայում նա վերահսկում էր բնակարանային գողություններով, կողոպուտով, մեքենայություններով զբաղվող խմբավորումը: