«ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ ՍՏԻՄՈՒԼ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրեր էին պտտվում, որ «Չորս տարբերակ» խումբը լուծարման եզրին է, եւ որ աղջիկներից յուրաքանչյուրը սկսել է իր անհատական կարիերան: Այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանները պարզելու համար դիմեցինք խմբի երգչուհիներից մեկին` ՔՆԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ: Քնարիկն ավարտել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, ապա Կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժինը:
-Ինչո՞ւ է «Չորս տարբերակ» խումբը դադարեցրել գործունեությունը:
-Այս պահին մենք դադարի մեջ ենք, քանի որ ես բալիկ ունեցա, հիմա էլ Նարինեն է երկրորդ բալիկին սպասում: Այս ընթացքում ամեն մեկս զբաղվում էր իր սիրելի գործով: Ես իմ ուշադրությունը սեւեռեցի թատրոնի վրա, Գոհար Ջավուկցյանը վերջերս նոր տեսահոլովակ նկարեց, Նարինեն այս ընթացքում հասցրեց զուգերգով տեսահոլովակ ունենալ: էնպես չէ, որ խումբն այլեւս չկա, ուղղակի երեւի այս փուլում ավելի ճիշտ է անհատական կարիերայի վրա կենտրոնանալը:
-Ուզում եք ասել, որ ոչ մի վեճ, պառակտում չի՞ եղել:
-Նման բան չկա: Պարզապես քանի որ խումբն աղջիկներից է կազմված, դե մենք էլ հերթով ընտանիք կազմեցինք, ինչը բնական է, ուրեմն պետք է մեզ նվիրեինք մեր ընտանիքներին ու դադար տայինք:
-Սովորաբար աղջիկների կամ տղաների խմբերն այդքան էլ երկար տարիների կյանք չեն ունենում, կա՛մ բաժանվում են, կա՛մ հին անդամներին փոխարինում են նորերը:
-Քանի որ խմբի գործերով զբաղվում ենք մենք, չկա էդպիսի պրոդյուսեր, որ մեզ ասի` գիտեք, պետք է խմբի թիմը փոխվի: Չնայած ես կարծում եմ, որ մենք երիտասարդ ենք ու ամեն ինչ հասցնում ենք: Ասեմ` ինչով խմբերը ձեռնտու չեն Հայաստանում: Գումարը, որ դու կարող ես անհատապես վաստակել, խմբի դեպքում շատ ավելի քիչ է ստացվում:
-Փաստորեն, հիմա աղջիկներից յուրաքանչյուրն իր անհատական կարիերային է անցել: Երեւի թե միայն Նարինեի դադարը մի քիչ երկար տեւի:
 -Ինձ թվում է` Նարինեին չի խանգարի երկրորդ բալիկի ծնունդը: Մեր օրերում կան դայակներ, բացի այդ, շատ լավ սկեսուր մայրիկ ունի, իր մայրիկն էլ է կարողանում օգնել: Կարծում եմ` երեխաների փաստը չի խանգարի Նարինեին, ինչպես իմ որդու ծնունդը չխանգարեց ինձ: Ես շատ արագ վերադարձա աշխատանքի: Տղայիս երեք ամիսը դեռ չէր լրացել, արդեն ներկայացումներում էի խաղում: Երբ լրացավ նրա քառասուն օրը, ես գնացի թատրոն: Շուտով որդիս կդառնա 1 տարեկան: Երեխան կոնկրետ ինձ շատ մեծ ստիմուլ է տալիս: Նրան նայելով` ուզում եմ հաջողակ լինել իմ աշխատանքի մեջ, որ ապագայում կարողանամ իր համար ամեն ինչ ապահովել, որ ինքը հպարտանա իր մայրիկով:
-Ձեր ամուսինը ե՞ւս արվեստի բնագավառից է:
-Նա իրավաբան է, մեր ոլորտի հետ կապ չունի: Իր գործերով է զբաղվում եւ իհարկե ինձ օգնում է Տիգրանի հարցում, նաեւ մայրս է օգնում ու մեր հրաշալի դայակը: Ամուսինս բացարձակ դեմ չէ իմ աշխատանքին: Ասել եմ, ու տա Աստված` էդպես էլ շարունակվի, նա ինձ միշտ ոգեւորում է:
-Այդ դեպքում կարելի՞ է ենթադրել, որ եթե սերիալում նկարահանվելու լավ առաջարկ լինի, կհամաձայնեք:
-Սկզբում շատ դեմ էի սերիալներին, բայց նկատել եմ, որ որակական առումով դրանք փոխվել են, եւ իհարկե, եկամտի առումով դերասանի համար շատ ավելի ձեռնտու են: Չնայած համոզված եմ, որ այն էմոցիաները, որ դու վերապրում ես հանդիսատեսի հետ թատրոնում, ֆիլմում հնարավոր չէ ունենալ: Սերիալները շահագրգռում են դերասաններին ֆինանսի առումով, ու դրա համար էլ նկարահանվում են: Ճիշտն ասած, ես էլ եմ մտածում, ստացել եմ առաջարկներ, սպասում եմ նոր առաջարկների եւ երբ տեսնեմ, որ ինձ համար հարմար դեր է, կհամաձայնեմ:
-Կարծիք կա, որ սերիալները լճացնում են դերասաններին: Այն կոնվեյերի պես մի բան է` նկարահանումից առաջ կարդում ես տեքստդ ու մտնում հրապարակ: Նկարեցին, ցուցադրեցին, եւ ամեն ինչ ավարտվեց:
-Ինչ-որ չափով այդ ամենի մեջ կա ճշմարտության մի մաս, բայց ամեն ինչ կախված է դերասանից, սցենարիստից… Օրինակ` ինձ համար շատ կարեւոր է, թե կերպարն ինչպիսին է: Եթե այդ կերպարը չի ապրելու տրամադրության փոփոխություն, հույզեր, տարբեր իրավիճակներ, ապա յուրաքանչյուր դերասանի համար շատ անհետաքրքիր կլինի խաղալը: Ցավալի է նաեւ, որ նկարահանման հրապարակում են տալիս սցենարը, այդ պարագայում դերասանից լավ խաղ չես կարող սպասել: Կարծում եմ, որ նույնիսկ ամենափայլուն դերասանը լավ արդյունք ունենալու համար պետք է տանն աշխատի դերի վրա:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս