Մենք լարվելու թեմա չունենք. տուժող կողմի պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում դատավորը հայտնեց, որ որպես անձնական վնասի փոխհատուցում մեղավոր կողմի մեքենայի ապահովագրական ընկերությունից պահանջվում է 3 միլիոն 300 հազար դրամ տուժողներից յուրաքանչյուրի համար: Բայց անկախ տուժողների թվից` այդ թիվը չի կարող գերազանցել 10 միլիոնը:

Ավելի ուշ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը news.am-ին կարծիք է հայտնել, թե դատավորն անընդհատ ձգտում է խոչընդոտել իր գործը:

Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանը, սակայն,  Armlur.am-ի հետ զրույցում բացասական պատասխան տվեց` նշելով, որ ինքը նման բան չի տեսնում: Ընդհակառակը, Բալոյանը շարունակեց պնդել, որ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն անհարկի մեջբերումներ է անում:

«Այսօր ևս փորձեցի ընդհատել, բայց դատավորն ինձ նկատողություն արեց: Օրենքի պահպանմամբ է ընթանում քննությունը, բայց պարոն Բաղդասարյանը, ոնց որ թե, փորձում է օրենքի պահանջը շրջանցել կամ խախտել: Ես արդեն որերորդ անգամն եմ ասում, որ չի կարելի հղում կատարել այն հանգամանքներին, որոնք դեռևս ապացուցված չեն և փորձաքննություն չեն անցել»,- գնահատեց Ռուբեն Բալոյանը:

Իսկ Ֆրանսիայից ժամանած փաստաբանի աշխատանքը, Բալոյանի գնահատմամբ, այնքան էլ հիացնող չէ: Նրա խոսքերով` փաստաբանը ՀՀ ՔՕ մի շարք դրույթներ «խախտեց և գնաց»:

«Ֆրանսիացի փաստաբանը ոչ թե միջնորդությամբ հանդես եկավ, այլ  պաշտպանական ճառով: Դա միջնորդություն չէր: Դատավորը հարց տվեց` հիմա սա ի՞նչ է, ի՞նչ եք միջնորդում, նա էլ ուղղակի ելույթ ունեցավ: Այսպիսով, ևս մեկ անգամ խախտվեց քրեական դատավարությունը խախտող մի շարք դրույթներ»,- շարունակելով խոսքը` ասաց տուժող կողմի պաշտպանը:

Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե նիստերը լարված են անցնում և ներքին խառնաշփոթ է տիրում, Հակոբյանների պաշտպան Բալոյանը դիտարկում արեց, թե երբ ինքը փորձ է անում ապացուցել, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանը դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, փաստաթղթերի հետ կապված պաշտպանական կողմի մոտ լարվածություն է առաջանում:

«Ես անձամբ որևէ կերպ լարված չեմ: Մենք լարվելու թեմա չունենք»,- պարզաբանեց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն ` Վարդան Պետրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին  Եղվարդ-Երևան ճանապարհին իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։

Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին ՝  իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն ` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետևի մասին:

Վթարի հետևանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանը և էդգար Հայկի Հակոբյանը մահացել են, իսկ Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը հասցվել է ծանր վնաս:

Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի, ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը հասցվել է միջին ծանրության վնաս ՝ առողջության տևական քայքայումով:

Տաթև Հարությունյան




Լրահոս