«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ երկաթուղային ուղևորափոխադրումների զարգացումը մշտապես գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ուշադրության կենտրոնում, որը նպաստում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացմանը:
Վիկտոր Ռեբեցի խոսքով` երկաթուղին աստիճանաբար բարձրացնում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը և գնացքներում հարմարավետության մակարդակը: « Նախորդ տարի մենք մեր ուղևորներին առաջարկեցինք Wi-Fi կապ, իսկ ննջավագոների ուղևորներին անվճար տրամադրվում էին sim քարտեր: Այս տարի ևս նախատեսվում է ընդլայնել Երևան-Բաթում գնացքի ուղևորներին մատուցվող ծառայությունների շրջանակը: Մասնավորապես Wi-Fi կապը գործելու է նաև բարձր հարմարավետությամբ խցերում, կտարբերակվեն պլացկարտի անկյունային և սովորական տեղերի գները»,- ասաց Վիկտոր Ռեբեցը` հավելելով, որ ծառայությունների որակի բարձրացման հետ կապված` մեծացել է նաև ուղևորափոխադրումների ծավալը. 2013-ին արձանագրված արդյունքների համաձայն`ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի համեմատ աճել է 219 տոկոսով՝ մինչև 60,2 հազար ուղևոր:
Ի դեպ, ինչպես ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենը, գնային էական տատանումներ չեն սպասվում, և արդեն երեք տարի է` չեն եղել:
Մյուս ձեռքբերումը, որի մասին խոսեց Ռեբեցը, այն է, որ 2012-ից միջազգային գնացքների տոմսերը վաճառվում են նաև ինտերնետով: Կոնտեյներով բեռների փոխադրումների ծավալը մեծացել է, որը պայմանավորված է Վերին Լարսի անցակետի փակմամբ:
Հարցին` երբ է հնարավոր Կարս-Գյումրի երկաթծի շահագործումը, պրն Ռեբեցը պատասխանեց, երկաթգիծը հենց այսօր էլ կարող է շահագործվել, ենթակառուցվածքները լիովին պատրաստ են շահագործման, պարզապես սահմանը փակ է, ու չկան հարաբերություններ երկու երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև:
Արդյոք Վերին Լարսի անցակետի փակումը նպաստել է ուղևորափոխադրումների ծավալի մեծացմանը: Ռեբեցի խոսքով` այս տարվա մայիս ամսին ուղևորափոխադրումների ծավալը մեծացել է, բայց ասել, թե դա Վերին Լարսի փակման հետ է կապված, միանշանակ դժվար է ասել, բայց կոնտեյներով բեռների տեղափոխման ծավալների մեծացումը կարելի է պայմանավորել Լարսի անցակետի փակմամբ: