Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ վարչապետ եղած շրջանում նա իր գործարար ընկերոջ միջոցով 500 հազար եվրոյի արտոնյալ վարկ է ստացել` այդպիսով խախտելով երկրի օրենսդրությունը:
Անշուշտ, տեղին չէ համեմատել պետականաշինության դարերի պատմություն ունեցող Գերմանիայում առկա քաղաքական մշակույթը վեցհարյուրամյա ընդմիջումից հետո առաջին քայլերն անող Հայաստանի քսանամյա պետութան քաղաքական մշակույթի, ավելի ճիշտ դրա գրեթե բացակայության հետ: Սակայն քանի որ անցած տարի ամռանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով», արժե դիտարկել, թե որքանով է Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը դա հաջողվել:
Փորձենք հիշել վերջին տարիներին հայրենի մամուլում հայտնված նմանատիպ պատմությունները եւ դրանց հետեւած պետական մարմինների արձագանքը: Սկսենք վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իր յուրայինը համարվող Ֆլեշի Բարսեղին՝ Բարսեղ Բեգլարյանին տրամադրված 1 միլիարդանոց սուբսիդիայի վճարումից: Ոչ պակաս վիճելի էր նաեւ կառավարության կողմից ներկա եւ նախկին իշխանության յուրային կառուցապատողներին հատկացված հակաճգնաժամային վարկավորումը, որով փաստորեն Տիգրան Սարգսյանն օգնեց էլիտար շինարարությամբ զբաղվող որոշ օլիգարխների էլ ավելի հարստանալ: Եվ դա` շարքային քաղաքացիների հաշվին, քանի որ հայտնի է` հակաճգնաժամային վարկեր վերցնելով` կառավարությունն ավելացրեց երկրի պետական պարտքը:
Կառավարության ղեկավարին վիճահարույց եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող քայլերով չեն զիջում նաեւ հայրենի նախարարները: Օրինակ՝ ժամանակին մամուլը գրեց, որ սոցապ նախարար Աղվան Վարդանյանի գլխավորությամբ յուրացվել են անապահով երեխաների օթեւանների կառուցման համար հատկացված գումարները` մի քանի անորակ կացարաններ «կառուցելով», ծրագրի պատասխանատուները գրպանել էին մնացած գումարը եւ իրենց համար առանձնատներ գնել: Պակաս սկանդալային չէր նաեւ ԱԻՆ նախկին նախարար, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի` «ալյուրային պատմությունը»: Նախկին նախարարը ներգրավված էր մի ամբողջ երկրի ալյուրի պետական պահուստների փոշիացման մեջ: Էլ ավելի սկանդալային էր Սոցիալական ապահովության հիմնադրամի պետ Վազգեն Խաչիկյանի` պետբյուջեից 113 միլիոն դրամ յուրացնելու պատմությունը: Կառավարության անդամներին չեն զիջում նաեւ մարզպետերը, որոնցից հենց նույն Լիսկայի` Սյունիքի մարզպետի մասով առկա են յուրացման բազմաթիվ դրվագներ: Նույնը նաեւ Կոտայքի մարզպետ Կովալի` Կովալենկո Շահգալդյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեպքում, ինչի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել ինչպես մամուլում, այնպես էլ կոնկրետ մեր թերթում: Ներկայացված ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, սակայն դժվար կլինի նշել գոնե մեկ դեպք, երբ Հայաստանում որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական տված լինի օրենքը խախտելու համար: Էլ չասած` որ դրա համար պատասխանատվության ենթարկված լինի: Հենց այսպես էլ սովորում ենք:
ՉՍՈՎՈՐԵՑԻՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ