Չինաստանի ոստիկանությունը սպանել է 13 ահաբեկիչների, որոնք շաբաթ օրը գրոհել են Սինցզյանի ոստիկանական բաժանմունքը, հայտարարել է Associated Press-ը:
Ահաբեկիչները բաժանմունքի տարածք են մտել պայթուցիկով լցոնված մի քանի մեքենաներից մեկով:
Միջադեպը տեղի է ունեցել Սինցզյանի Կաշկար պրեֆեկտուրայում: Նախնական տվյալներով, տուժել են երեք ոստիկաններ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան:
Դա իսլամ դավանող ույգուրներով բնակեցված Սինցզյանում առաջին ահաբեկչական հարձակումը չէր: Ույգուրները Պեկինից լայն ինքնավարություն են պահանջում:
Մայիսին պայթյուն էր տեղի ունեցել Սինցզյանի մայրաքաղաք Ուրումչիի շուկայում, որի զոհ էին դարձել 43 մարդ: Չինաստանի իշխանություններն այն ժամանակ մեղադրել էին ծայրահեղականներին: