ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ»

ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ բարձր ամբիոնից խոսել է «Ժողովուրդ» օրաթերթի մասին՝ ասելով. «Ակնհայտորեն չարաշահեցին մեր համբերատար վերաբերմունքը եւ բազմաթիվ զգուշացումները, ավելին, շրջանցելով լրագրողական էթիկայի եւ առհասարակ տարրական բարոյական նորմերը՝ շարունակեցին մեզ վարկաբեկող նյութերի հրապարակումը՝ որոշ դեպքերում ինձ եւ իմ կուսակցական գործընկերներին մեղադրելով Քրեական օրենսգրքով պատժելի հանցագործությունների մեջ: Մեղմ ասած, այս ամենի մեջ ես միտում եմ տեսնում, ինչն ակնհայտ է: Ժողովրդական խոսք կա՝ այլեւս համբերության բաժակը լցվել է: Իմ կողմից վերոգրյալ փաստերի վերաբերյալ պատրաստվել են համապատասխան նյութեր, որոնք ես կներկայացնեմ դատարան եւ դատախազություն, որպեսզի դրանք ուսումնասիրվեն, տրվեն համապատասխան իրավական գնահատականներ եւ ձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»:
Լսելով այս ելույթը՝ տպավորություն էր, որ իրավաբանական կրթություն ունեցող այս օրենսդիրը սխալ է հասկանում մամուլի դերը: Նա (պարզվում է՝ նաեւ ՕԵԿ-ի գերակշիռ մասը) կարծում է, որ փաստերի շարադրանքը «միտում» է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի դեմ: Այս առիթով թերեւս արժե հիշել Չերչիլին. երբ նա մի անգամ պառլամենտի ամբիոնից ելույթ է ունենում, ողջ օրը ներկաները դա են քննարկում, երեկոյան նա ստիպված է լինում որոշ բացատրություններ տալ՝ ասելով, թե ինչ եք քննարկում, չէ՞ որ ես ընդամենը փաստ էի կարդում թերթից:
Այնպես որ, դատարան դիմելու սպառնալիքը «Ժողովուրդ» օրաթերթի գործունեության վրա որեւէ կերպ չի անդրադառնա, քանի որ նույնիսկ հայաստանյան պայմաններում օրաթերթը վճիռներով է ապացուցել իր բարեխղճությունը: Պարզապես խոստանում ենք այսուհետ առավել ուշադիր լինել ՕԵԿ-ի մասին հնչող կարծիքներին, որպեսզի «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները պատգամավորի մոտ միտում չթվան:
Իսկ վերջում շնորհակալություն երկրի թիվ մեկ ամբիոնից «Ժողովուրդ» օրաթերթի ԱՆՎՃԱՐ գովազդն իրականացնելու համար՝ միայն թե առանց չեղած ու անհնար զգուշացումների:

 

 

ՄՈՌԱՑԵԼ Է

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունը նման է գեշ հարսի, ով ավելացնելու փոխարեն տնից դուրս է հանում ամեն ինչ: Ի պատասխան այս հայտարարության՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է. «Ես կարծում եմ, որ նրանց հարսնության ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը հակադարձել է Գալուստ Սահակյանին` հիշեցնելով. «Իսկ ՀՀՇ իշխանության ժամանակ ինքը որտե՞ղ էր: Եթե մոռացել է, ապա հիշեցնեմ` իշխանության մաս էր կազմում. մեր խմբակցությունում պատգամավոր էր»:




Լրահոս