ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օտարերկրացին կարո՞ղ է ՀՀ-ում աշխատանքի ընդունվել միայն իր պետության անձնագրով, թե՞ աշխատելու համար լրացուցիչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Հենրիկ Հակոբյան (51 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է առաջնորդվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով, որի համաձայն՝ գործատուների կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով: Քանի որ աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազոր մարմինը սահմանող ՀՀ կառավարության որոշումը դեռեւս ընդունված չէ, ապա աշխատանքի թույլտվության պահանջի մասին վերոնշյալ դրույթը կսկսի գործել միայն այն պահից, երբ ընդունվի կառավարության համապատասխան որոշումը:
Այսինքն` օտարերկրացիները ՀՀ-ում առայժմ կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե օտարերկրացիների համար գործում է որոշակի արտոնություն: Հակառակ դեպքում ՀՀ-ում գտնվող առանց այդ էլ քիչ թվով օտարերկրացիները կշտապեին հեռանալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. 2-րդ կիսամյակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը կազմել է 2223, որոնցից հատուկ կարգավիճակ է ստացել 388-ը: Իսկ 2012թ. 2-րդ կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 8229, որոնցից 459-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների պահպանման եւ սպասարկման գործառույթների մեջ ինչպիսի աշխատանքներ են ներառված:
Լիլիթ Մնացականյան (57 տարեկան,
տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պահպանման գործընթացը ներառում է շենք-շինությունների նորմատիվային ծառայության ժամկետում պահանջվող վերականգնողական աշխատանքների իրականացում, որն ապահովում է դրանց ըստ նպատակային նշանակության օգտագործումը: Իսկ սպասարկման մեջ մտնում են շենք-շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների եւ սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում նաեւ նկուղների եւ տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների եւ լուսավորության ապահովման եւ աղբահանության իրականացման, սպասարկման գույքով ապահովման գործառույթներ, ինչպես նաեւ հսկիչ անցաթղթային անվտանգության ծառայությունների մատուցում` որոշակի վճարի դիմաց:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման
վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպիսի տպավորություն է, թե պատասխանում ներկայացված է «ավելի լավ Երեւանի» ապագան: Բայց փաստ է, որ ներկայումս ոչ մի բնակիչ չի գոհանում սպասարկման եւ պահպանման աշխատանքներից: Այդ մասին են վկայում խմբագրություն ստացվող բազմաթիվ ահազանգերն ու դժգոհությունները՝ հատկապես շենքերի վերելակների անսարքության եւ աղբահանության հետ կապված:




Լրահոս