Թեեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) ներկայացուցչական մարմին չէ, այդուհանդերձ, իրեն թույլ է տալիս թանկարժեք միջազգային գործուղումներ, որոնք զգալիորեն «թեթեւացնում» են մեր առանց այդ էլ թեթեւ պետբյուջեն: Միայն վերջին չորս ամիսներին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները երեք թանկարժեք գործուղման են մեկնել, որոնց վրա ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար: Ստորեւ ներկայացնում ենք այդ գործուղումների ընթացքում արված ծախսերի վերաբերյալ ԴԱՀԿ տրամադրած տեղեկատվությունը: Նշենք, որ վերջին գործուղմանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
1. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն օգոստոսի 20-ից 24-ը ներառյալ գործուղվել են Տալլին, Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի հրավերով՝ Երեւանում ստորագրված հուշագրի շրջանակներում միջոցառումների ծրագրի հստակեցման եւ համագործակցության ուղիների նախանշման նպատակով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդականի գիշերավարձը կազմել է շուրջ 200.000 դրամ, օրապահիկը՝ մոտ 240.000, ծախսերի ընդհանուր արժեքը՝ համարյա 440.000 դրամ: Նույն արժողությունն են ունեցել ՏՏ ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետի եւ իրավաբանական բաժնի արտաքին կապերի բաժանմունքի պետի համար նախատեսված ծախսերը: Պատվիրակության ծախսած միջոցներն ընդհանուր հաշվարկով կազմել են շուրջ 1 մլն 400 հզ. դրամ:
2. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 17-ից 21-ը ներառյալ գործուղվել են Եկատերինբուրգ, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության հրավերով՝ «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդականի գիշերավարձը կազմել է մոտ 200.000 դրամ, օրապահիկը՝ շուրջ 130.000, ընդհանուրը՝ 320.000 դրամ: Նույն արժողության են եղել նաեւ իրավաբանական բաժնի արտաքին կապերի բաժանմունքի պետի համար հատկացված միջոցները: Ծախսերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 640.000 դրամ:
3. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը եւ ԴԱՀԿ ծառայության ներքոհիշյալ աշխատակիցները նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ գործուղվել են Փարիզ՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով՝ միության մշտական խորհրդի ամենամյա լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գիշերավարձը կազմել է մոտ 170.000 դրամ, օրապահիկը՝ շուրջ 210.000: Ընդհանուրը կազմել է համարյա 380.000 դրամ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդականի եւ իրավաբանական բաժնի արտաքին կապերի բաժանմունքի պետի գիշերավարձը կազմել է 340.000-ական դրամ, օրապահիկը՝ շուրջ 360.000-ական դրամ, ընդհանուրը՝ մոտ 1.400.000 դրամ: (Ուշագրավ է, որ ԴԱՀԿ պետի ծախսերն ավելի քիչ են եղել, քան իր աշխատակիցներինը): Պատվիրակության համար հատկացված միջոցների հանրագումարը կազմել է 1 մլն 800 հզ. դրամ:
Այսպիսով՝ ԴԱՀԿ վերջին 3 գործուղումների ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 840 հզ. դրամ՝ շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ