Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ դատաքննությանը ներկայացվեցին բոլոր 13 ամբաստանյալներին վերաբերող տեսագրությունները, որոնք արվել են նախորդ տարվա նոյեմբերի 5-ին:
Այն բանից հետո, երբ ցուցադրվեցին բոլոր 13 տեսաձայնագրությունները, նախագահողը հայտնեց, որ մեղադրողի կողմից արձանագրությունները ներկայացնելուց հետո իր խոսքը կամ առարկությունները կասի պաշտպանական կողմը:
Այս առիթով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե ինչ կապ ունի պաշտպանը, եթե իրենք են դատվելու:
Սակայն դատարանը պարզաբանեց, որ պաշտպանական կողմի մեջ է մտնում նաև ամբաստանյալը, և հերթականությունը կորոշի կողմը:
Ապա ամբաստանյալ Շանթ Հարությունյանը ելույթ ունեցավ` ասելով, թե իրենք պաշտպանվելու կարիք չունեն, «ինչ արել, լավ են արել»:
«Էրեգ լսում եմ, ասում են՝ լույսը թանկանալու ա, հանրությանը հարցրել են` ինչ եք անելու թանկանալու դեպքում: Մարդիկ էլ ասել են, թե դե քչ կվառենք, միս չենք առնի եսիմ ինչ: Բայց մեկը չեղավ ասի կպայքարենք, կռիվ կտանք»,- ասաց Հարությունյանը` նախապես բացատրելով, որ տեսանյութում իր կողմից հնչած խոսքերը վիրավորանք չեն, այլ ռուսերեն сука բառից առաջացած թարգմանություն է, որը նշանակում է «շան քած»,իսկ դա ասում են պատվեր կատարողներին:
«Ես ոչ մի անբարոյական, ցենզուրայից դուրս բան չեմ ասել, և դա արդարացում չի: Ու կասեմ, որ իմ տղեքին հալալ ա, որ իրանց էնտեղ ճիշտ պահեցին: Ապրեք տղեք»,- դիմելով մյուս ամբաստանյալներին` ասաց Շանթ Հարությունյանը:
Ապա Շանթ Հարությունյանն առաջարկեց Կարապի լճի համար պայքարող խումբ ստեղծել, թե ինչու կարապի լճում կարապ չկա, ապա Հին Երևանի կողմնակիցներին առաջարկեց պայքարել տրամվայի վերադարձի համար, քանի որ Հին Երևանն առանց տրամվայի հին չէ:
«Հայաստանում ընդունված ա` ում շատ հաց են տալիս, դառնում ա լավ տղա: Պետք է փոխել արմատական խեղումը: Ով ըմբոստ ա, ասում են կռվարար ա, ով ըմբոստ չի, ասում են՝ զգուշանում ա, վախկոտ ա: Կլինի Պուտինը, էն մյուսը, թե էն մյուսը, բոլորին էլ հայհոյանք են տվել: Էտ սաղ ըստ էության ա: Ես բացատրում եմ` իմ մոտ ոնց առաջացավ էտ վիճակը: Ես կրկնում եմ, որ հպարտ եմ, որ 23 տարեկան տղեքից դառանք 50, բայց նույնը մնացինք: Էն վախտ էլ ջիպ չունեինք, հիմա էլ չունենք: Եսիմ ով ալյուր ղրգեց Ղարաբաղ, հիմա մինստրա դառել:
Ես ներողություն եմ խնդրում մեր տղեքի ընտանիքներից: Ես մեդալ չունեմ, որ ձեզ տամ, ոչ էլ մեզ մեդալ պետքա: Ես համոզված եմ, որ եթե իրանց Սերժ Սարգսյանը գովեր, իրանք կամաչեին:
Շահե՛ն ջան, իմացի, դու Հայաստանում ունես հինգ ախպեր, ու տարիներ հետո դուք մեծանալու եք: Հենց քեզ դատեն, էտ էրեխեքի ծնողները կասեն՝ տե՛ս Սերժը Շահենին դատեց: Էն վախտ Ռուզանն ասում էր` ո՞նց կարողա մենք իրարից հեռու ապրենք, Շահենը քո պես դառնա: Իսկ ես ասում էի, ոնց էլ լինի, իմ տղեն իմ նմանա լինելու: Հետո ես լեքսիկոնիս մասին ասեմ, երբ խոսում եմ մի քիչ ժարգոնային ա ստացվում: Երբ մամաս ասում էր՝ արի՛ վերնաշապիկ հագի, ամաչում էի, հայաթի տղեքը խնդում էին վրես: Սուտի ինտիլիգենտները, որ ռուսական բարբառով խոսում են, դա ամոթ չի, իսկ որ Շանթն ա խոսում, դառնում ա ամոթ»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 9-ին: