ԵՐԲ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎՈՒՄ Է ՄԻ ՈՂԶ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն որոշում կայացրեց` բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիները 1կվտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն ոչ թե 38.85՝ այլ 41.85 դրամ ցերեկային, 28.85-ի փոխարեն՝ 31.85 դրամ էլ` գիշերային ժամերի համար: ՀԾԿՀ երեկվա նիստն ուղեկցվեց բողոքի ակցիաներով. մեծ թվով քաղաքացիներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ հավաքվել էին ՀԾԿՀ շենքի մոտ` պահանջելով չգնալ այդ քայլին: «Ինչու պետք է մասնավոր ընկերության` ՀԷՑ-ի գործած սխալների համար մենք ազգովի վճարենք»՝ ահազանգում էին հավաքվածները, սակայն հանձնաժողովը «հերոսաբար» որոշեց բարձրացնել էլէներգիայի վարձավճարը, ինչից հետո Սերժ Սարգսյանը դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով եղանակներ գտնել՝ մեղմելու սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Եվ հիմա կառավարությունը պետք է մշակի շուրջ 105 հազար ընտանիքի նպաստի չափն ավելացնելու մասին որոշման նախագիծ: Տեղի ունեցածն այլ կերպ, քան էժան աչքակապություն, դժվար է որակել: Իշխանությունները մի կողմից՝ բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագները, մյուս կողմից՝ Ս.Սարգսյանն այն դարձնում է առիթ` իր PR-ն անելու համար` իբր թն մտահոգված է: Սակայն, խնդրով մտահոգվելու լավագույն վկայությունը այն կլիներ, եթե նա հետաքրքրվեր, օրինակ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի աշխատավարձի չափով, ով ցինիկաբար հայտարարեց, թե իր՝ մոտ 4 մլն դրամ աշխատավարձի չափը որեւէ մեկի խնդիրը չէ: Դե իհարկե, մենք առանց այդ էլ մտածելու շատ բան ունենք. օրինակ՝ թե ինչպես ենք դիմակայելու դոմինոյի էֆեկտով սպասվող մյուս ապրանքների թանկացումներին:

 
Armlur.am-ը գրել էր, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի` Մեհրաբի ուղղությամբ ադրբեջանական կողմը՝ օգտվելով մառախուղից, դիվերսիայի փորձ է արել, ինչը կանխվել է հայ դիրքապահների կողմից: Ադրբեջանցիները փորձել են ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին: Բայց հայ դիրքապահները շուտ են նկատել ադրբեջանցիների` անցում կատարելու փորձը ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Հայ զինծառայողներն անցել են շրջանաձեւ պաշտպանության, եւ մոտ 10 րոպե անց ադրբեջանցիները հայտնվել են ծուղակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակորդի դիվերսիոն խումբը բավականին մարդաշատ է եղել: Մեզ տեղեկություններ հասան նաեւ, որ դիրքերում հայ զինվորներին օգնելու նպատակով օգնության խումբ է գնացել: Հակառակորդի թիրախը եղել են հիմնականում հայկական կողմի պայմանագրային զինծառայողները:

 
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ԱՄՆ-ից շատ զանգեր է ստանում, որոնք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելու առիթով իրենց ցասումն ու վրդովմունքն են հայտնում: Ն. Զոհրաբյանի խոսքերով՝ ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով, ինչի համար էլ որոշել են այդ հարցով լուրջ խորհրդակցություններ սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ. «…Սա լրջագույն խնդիր է, երբ մենք բախվում ենք տարբեր կազուսների, երբ որ Եվրամիության անդամ մի երկրում մեր դեսպանը մտածում է, թե, ասենք, Ղազախստանից տվյալ երկիր ինչպես ձմերուկ ներկրի, մի այլ դեսպանի անուն կապվում է «Ռոլեքսների», ինչ-որ ադամանդների սկանդալի հետ, մի այլ դեսպան այնքան անտեղյակ է դիվանագիտական աշխատանքներից, որ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը տանում է նոտար թարգմանելու»: Ի դեպ, ադամանդների հետ կապվում է հենց ԲՀԿ «սառեցված անդամ», Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի անունը:

 

Երեկ գրել էինք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 29 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել, քանի որ ՀՀ ԱՆ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավարները քիչ թվով դատապարտյալների են հնարավորություն տալիս մասնակցել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի քննությանը: «Ժողովուրդ»-ն անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցում պարզեց, որ մեկ տարի առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվել է անկախ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Ըստ ամենայնի, ՄԻՊ-ը դուրս է եկել անկախ հանձնաժողովի կազմից, որպեսզի դատապարտյալների դժգոհության ալիքի բարձացման դեպքում կարողանա խուսափել ավելորդ պատասխանատվությունից, իսկ հարկ եղած դեպքում էլ «հանգիստ խղճով» հանդես կգա դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ:




Լրահոս