«ՏԱԹԵՎԵՐԸ» ՉԻ ԱՇԽԱՏԻ
Դեկտեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին ուղեւորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով: Իսկ դեկտեմբերի 30-ին, ինչպես եւ ամեն երկուշաբթի, «ՏաԹեւեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ: Բացի այդ` դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹեւեր» ճոպանուղին չի աշխատի Ամանորի առթիվ:
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ
ՀՀ գրողների միության մի քանի անդամներ, այդ թվում՝ գրականագետներ Հասմիկ Հակոբյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը, դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար, իսկ Գուրգեն Խանջյանն էլ որոշել է սառեցնել անդամակցությունը: Հասմիկ Հակոբյանը NEWS.am-ին ասել է, թե դիմում գրելու պատճառն այն է, որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր թեկնածությունն է ներկայացրել գրականության գծով պետական մրցանակին. «Մի շարք գրողներ պարոն Միլիտոնյանին նախօրոք ասել էին, որ հանի թեկնածությունը, քանի որ ինքը ԳՄ նախագահն է եւ անհավասար մրցակցության պայմաններում է: Բայց ինքը չարեց դա, մենք դիմում ենք գրել, որ դուրս գանք՝ մտածելով, որ գործ չունենք այն ԳՄ-ում, որտեղ նման մթնոլորտ է տիրում: Եթե չենք ուզում հավասարվել իրենց, պետք է դուրս գանք»:
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՈՎ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր աջակցությունն է հայտնել նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկի` իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ համազգային կլոր սեղան հրավիրելու գաղափարին: Այսօր Ուկրաինայի գործող նախագահը կհանդիպի երեք նախկին նախագահների` Լեոնիդ Կրավչուկի, Լեոնիդ Կուչմայի եւ Վիկտոր Յուշչենկոյի հետ` իրավիճակը քննարկելու համար: Հայտնի է նաեւ, որ այսօր Կիեւ է մեկնելու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Իսկ մինչ այդ Կիեւի փողոցներում լարված իրավիճակ է: Իրավապահները փորձում են հետ մղել ցուցարարներին կառավարական թաղամասից, քաղաքում արդեն ծանր զինտեխնիկա է բերվել: Իսկ ընդդիմադիր առաջնորդներից Վիտալի Կլիչկոն կանանց եւ երեխաներին կոչ է արել հեռանալ հրապարակից:
ԴԵՐԱՍԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ
Դեկտեմբերի 6-ին Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին «Դիպուկահար» ֆիլմի համար սահմանային դրվագ նկարահանելու նպատակով մեկնած դերասանների ավտոմեքենան շրջվել էր: Վթարի հետեւանքով տուժածներ Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր: Իսկ Արամ Փիլոսյանը գանգուղեղային վնասվածքով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բ/կ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով, երեկ մահացավ: