Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին երեկ Երեւանում դիմավորեցին բողոքի ակցիաներով, ինչի պատճառով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նիստին մասնակցելու համար ստիպված եղավ ներս մտնել հետնամուտքով:
Վաղ առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքվել էին ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները: Սակայն վերջիններիս չհաջողվեց հանդիպել Դավութօղլուի հետ, քանի որ նա հետնամուտքով էր մտել հյուրանոց: Բողոքի ակցիայի մասնակիցները, տեղեկանալով այդ մասին, վանկարկեցին՝ «ա-մոթ, ա-մոթ»: Այնուհետեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց. «Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ վախկոտ է, որ վախենում է առճակատվել պատմությանը, որ վախենում է կանգնել ու բաց աչքերով նայել Հայոց ցեղասպանության ժառանգներին: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, միշտ էլ հետամուտքով է մտնելու, միշտ էլ փախեփախ է ման գալու»: Ի դեպ, բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ Արցախյան հերոսամարտի առաջին օրերին զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը՝ 89-ամյա Փառանձեմ մայրիկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում էին Թուրքիայի դրոշների վրա խաչ քաշած պատկերով թերթոններ նետել Ա. Դավութօղլուի վրա, սակայն նման հնարավորություն չունենալով` դրանք նետեցին գետնին ու հեռացան:
Իսկ ՍԾՏՀԿ նիստից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն այլ հարցերի հետ շաղկապելն անիմաստ է եւ անարդյունավետ: Հարցին, թե թուրքական մամուլում վերջին օրերին հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում մտադիր է քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Նալբանդյանն ասաց, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների. «Դա այլ հարցերի հետ շաղկապելն անիմաստ է եւ անարդյունավետ»:
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հանդիպումներ են նախատեսված նախարարների խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում եւ` Թուրքիայի ԱԳ նախարարի:
Իսկ արդեն երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը: Ա. Դավութօղլուին լրագրողների հետ զրույցում ասաց. «Միակ կարեւորությունը, որ ունեցավ երեւանյան հանդիպումը, երկու նախարարների միջեւ տեսակցությունն էր: Չորս տարի առաջ՝ ցյուրիխյան ստորագրումներից հետո, առաջին անգամ էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են: Այսքանը»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ