Armenian text to speach

ԵՏՄ-ին անդամակցությունը ձախողվո՞ւմ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, թե իր համար զարմանալի է, որ նույն մարդիկ, ովքեր մինչ այդ հայտարարում էին, թե Հայաստանը չպետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, հիմա էլ մտահոգվում են, թե ինչու չի ստորագրվում այն: Անկեղծ ասած` է՛լ ավելի զարմանալի է ՀՅԴ ղեկավարի նման հարցադրումը, քանզի միանգամայն բնական է Մարգարյանի ասած` «այդ մարդկանց» մտահոգությունը` անկախ վերջիններիս քաղաքական կողմնորոշումից:

Ի վերջո, եթե շուրջ տասն ամիս երկրի ղեկավարության կողմից ամենատարբեր հարթակներում հայտարարվում է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, ստորագրվում է այդ անդամակցության ճանապարհային քարտեզը, կատարվում է հսկայական փաստաթղթային աշխատանք` երկրի օրենսդրական բազան հարմարեցնելու համար անդամակցելիք կառույցի կանոնադրությանը, ընթանում են ինտենսիվ բանակցություններ` մաքսադրույքների սինխրոնիզացիայի ուղղությամբ, և, ի վերջո, երկրի նախագահի կողմից հայտարարվում է, որ Հայաստանի անդամակցության հարցն այլևս լուծված-ավարտված է, և այդքանից հետո այդպես էլ այդ անդամակցությունը ոչ մի կերպ չի կայանում, ապա միանգամայն բնական է, որ մարդիկ մտահոգվում են:
Այս ձգձգվող անորոշությունը բացասական է անդրադառնում նաև երկրի ներդրումային դաշտի և տնտեսության վրա: Ինչպես երեկ նշել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Բոլորը սպասում են, որ պայմանագիրը, եթե կնքվում է` կնքվի, որ մենք, մեր բիզնես ծրագրերը մշակելիս, արդեն այդ նոր ռեժիմներից օգտվելու համապատասխան քայլեր անենք և շուկաներում մեր ակտիվությունը կողմնորոշենք` դեպի ուր ենք գնում»:

Է°լ ավելի մտահոգիչ է քաղաքական անորոշությունն ու անընդհատ ձգձգվող սպասման վիճակը` հատկապես պատերազմի վերսկսման մասին աննախադեպ ակտիվացած կանխատեսումների, սահմանային միջադեպերի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի շուրջ Ս. Սարգսյանի` առնվազն մի քանի տարվա ուշացումով հնչեցված մտահոգության ֆոնին:

Եվ ահա այս ամենը հաշվի առնելով` Հրանտ Մարգարյանի զարմանքը կամ հեգնանքն այնքան էլ տեղին չէ: Առավելևս, որ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի ձախողման դեպքում` հենց դա է լինելու իշխանական քարոզչամեքենայի արդարացումը` ուղղված արևմտամետներին` ՙէս չէ±իք ուզում՚: Իսկ Մարգարյանի նշած արդարացումը, թե անդամակցությունը չի կայանում, քանզի հայկական կողմը դիմադրում է` ելնելով մեր ազգային շահերից, ավելի շատ նման է ինքնասփոփանքի` թույլ տրված ճակատագրական սխալն արդարացնելու նպատակով:




Լրահոս