Ով է Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի մեծահարուստ Լևոն Հայրապետյանը: Նա ամենահարուստ հայերի թվում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Այս տեղեկությունը մի շարք մեկնաբանությունների տեղիք տվեց, շատերը նույնիսկ չհավատացին այդ տեղեկություններին: Մինչ կներկայացվեն ձերբակալման իրավական հիմնավորումները` ներկայացնենք մի քանի փաստ Լևոն Հայրապետյանի մասին:

Հայրապետյանը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է՝ Վանք գյուղից, որը հայտնի է Գանձասարի համալիրով: Նա հայ հասարակությանն ավելի շատ  հայտնի դարձավ Վանքի, Գանձասարի ու, առհասարակ, Ղարաբաղի համար կատարած իր բարեգործական և ներդրումային ծրագրերով: Հիշեցնենք, որ այդ ծրագրով նա ժամանակին մոտ 700 ղարաբաղցի զույգերի ամուսնություն  կազմակերպեց:

Նշենք, որ նա պատկանում է այն անձանց թվին, ով հաճախ էր վատաբանում Հայաստանի իշխանություններին, մատնանշում նրանց սխալները: Նա խոսել է Հայաստանում առկա օլիգարխիկ համակարգի չեզոքացման անհրաժեշտության մասին` այս ամենը ներկայացնելով որպես Հայաստանի զարգացման կարևոր տարր:

Գործարարը վատ է արտահայտվել նաև քաղաքականության ոլորտում առկա բիզնեսմենների մասին: «Երբ նայում ես Հայաստանին դրսից՝ սփյուռքահայի հայացքով, մազերդ բիզ-բիզ են կանգնում»:

Առաջին հայացքից Հայրապետյանի ձերբակալումն անակնկալ արձագանքների հանդիպեց, սակայն չպետք է բացառել, որ այդպիսի միլիոնատեր անձնավորությունը կարող էր թշնամիներ ունենալ: Rosbalt.ru կայքը գրել էր, թե նրան մեղադրում են ինչ-որ քրեական հեղինակությունների և հանցավոր խմբերի հետ կապի մեջ:

Եվ չնայած հաշվի առնելով նրա պարբերաբար գժտությունները թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, միևնույնն է` նրա ավանդն Արցախի զարգացման գործում անուրանալի է:




Լրահոս