ՆԻՍՏ` ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ «Ժառանգության» միջեւ առկա ջերմության՝ քաղաքական դաշտում շարունակվում են խոսակցություններ պտտվել, որ երկու կուսակցություններին չի հաջողվելու նախընտրական դաշինք կազմել: Այս առիթով զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ի վերջո, «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինքը ստացվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Կիրակի օրը մեր խորհուրդն ընտրական բոլոր հարցերին պատասխան կտա:
-Իսկ Դուք ի՞նչ տրամադրվածություն ունեք, միավորման կողմնակի՞ց եք:
-Ես կանխավ խիստ դրական տրամադրվածություն ունեմ:
-ԱԴԿ առաջնորդ Խաչիկ Քոքոբելյանը մի անգամ հայտարարեց, որ ինքը պատրաստ է զիջել առաջին համարը Ձեզ: Դուք ի՞նչ կասեք, համամասնական ընտրացուցակում տեղերի բաշխման առումով «Ժառանգություն»-ը խնդիր ունի՞:
-Ես շատ ուրախ կլինեմ, որ միասնական հավաքի ցուցակը ղեկավարի մի թարմ, նոր, երիտասարդ դեմք, որին մենք կարող ենք ուղեկցել, օգտակար լինել որպես ավագ գործընկերներ: Իմ նախընտրությունը դա է:
-Պարո՛ն Հովհաննիսյան, տարածված կարծիք կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին են փորձում ձեզ միավորել, եւ այդ հնարավոր դաշինքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծրագիրն է:
-Ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ եղել, եւ կարող եմ ասել, որ իմ տեղեկության համաձայն` նման առաջարկը, խոսակցությունը հերյուրանքների ոլորտից է:
-Իսկ ինչո՞ւ չի ստացվում ձեր ու ՀԱԿ-ի համագործակցությունը: Մե՛կ տպավորություն է ստեղծվում, որ դուք իրար հետ լավ եք, մե՛կ էլ` թե անհամատեղելի եք:
-Համագործակցությունը ենթադրում է երկկողմանի կամ համալիր արտահայտություն. կարող եմ «Ժառանգության» անունից ասել, որ մենք համագործակցության եզրերը միշտ փնտրել ենք, ողջունել ենք թե՛ ՀԱԿ-ի հետ, թե՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ կարեւոր ուժերի հետ:
-Իսկ ՀԱԿ-ի դաշինքի կազմում ընտրություններին մասնակցելու ծրագիր ունե՞ք:
-Դուք լավ գիտեք, որ ՀԱԿ-ն ինքը որոշում է, արդեն ինքը` ՀԱԿ-ը, դաշինքն է:
-Այո՛, ինչո՞ւ չմիացաք դաշինքին, առաջարկ չի՞ եղել:
-Ո՛չ, ո՛չ, չի եղել: Իմ կարծիքով, միգուցե դա քաղաքացիական ֆանտաստիկայի ոլորտից է, այո՛:  
-Իսկ Դաշնակցության հետ միավորվելու հարցն ինչո՞ւ չստացվեց, տարաձայնությունները շա՞տ էին:
-Միավորման հարց երբեք չի քննարկվել: Մենք համագործակցում ենք խորհրդարանում, խորհրդարանից դուրս` արտաքին քաղաքական հարցերում, եւ ընդհանրապես նաեւ համամասնական հարցի առաջարկմամբ, եւ վստահ եմ, որ այդ համագործակցությունը եւս կշարունակվի:
-«Նոր ժամանակներ»-ը հայտարարել է, որ այս ընտրություններին պետք է չէ մասնակցել, քանի որ ձեւավորվելիք ԱԺ-ն Սերժ Սարգսյանի գծագրած խորհրդարանի մասն է լինելու:
-Նախ` մեր մասնակցության հարցը, ընտրական բոլոր մանրամասները կքննարկվեն, կորոշվեն այս կիրակի օրվա խորհրդի նիստում: Ես լիազորված չեմ այդ հարցին պատասխան տալու: Հարգելի տեսակետ է, բայց բոլոր դեպքերում «Ժառանգություն»-ն իր համագումարով հերթական անգամ որոշել է, որ մենք պիտի օգտագործենք հնարավոր բոլոր եղանակները` ընտրությունից մինչեւ հրապարակ, մեր երկիրը փոխելու համար: Ներկա լինելով եւ ոչ երբեք բացակա:
-Խորհրդարանական ընտրությունների ելքի մասին ի՞նչ կանխատեսում ունեք` ձեր կուսակցության մասով:
-Կարծում եմ, այսպես թե այնպես պարտավոր ենք մայիսի 7-ին զարթնել նոր Հայաստանում:   

Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ




Լրահոս