ՍՏԻ ՃԿՈՒՆ ՈՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ի համագումարում ՀՀԿ ընդունած բանաձեւում ասված է. «Հինգ տարի շարունակ մենք ամրացրել ենք  մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը: …Նոր սպառազինության եւ տեխնիկայի  ներկրմամբ  հզորացրել  մեր պաշտպանողական ներուժը»: Անկեղծ ասած, մինչ այդ  մենք միամտորեն կարծում էինք, որ Հայաստանի պաշտպանական ներուժը   հզորացրել են (եթե հզորացրել են) ՀՀ համապատասխան պետական ինստիտուտները, որոնց կազմում, գոնե առայժմ, բացի Հանրապետականից, կան նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Էլ չասած այն մասին, որ նոր սպառազինության եւ տեխնիկայի ներկրմամբ ՀՀ-ում զբաղվում է պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարն, ի դեպ, օրենքով, անկուսակցական է: Այդ հարցում դերակատարություն ունի նաեւ Ազգային անվտանգության խորհուրդը, որի կազմում կան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում եւ` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչ խոսք,  գործընթացը  գլխավորում է երկրի նախագահը, որը  ներկայումս Հանրապետական է, սակայն  այդ ամենը վերցնել եւ  բանաձեւով վերագրել բացառապես սեփական քաղաքական կուսակցությանը, մեղմ ասած,  կոռեկտ չէ: Բայց քանի որ ՀՀԿ-ն հենց այդպես էլ անում է, հետեւաբար Խաղաղության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի` SIPRI-ի երեկ հրապարակած զեկույցի տվյալներն ուղղված են հենց Հանրապետական կուսակցությանը:  Իսկ զեկույցում, մասնավորապես, ասված է. « Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից կատարվող գնումների` իրենք եւս նմանատիպ  գնումներ կիրականացնեն, այդուհանդերձ, վերջին 10 տարիներին ներկրված  սպառազինությունների քանակով Հայաստանը հետընթաց է արձանագրել: Ներկրված  զենքի եւ զինամթերքի  ծավալներով 2002-2006թթ. Հայաստանը 71-րդ տեղում էր, իսկ այժմ հայտնվել է  84-րդ տեղում»: Հետաքրքիր է, թե այս  հրապարակմանն ինչպես կարձագանքեն երիտհանրապետականները, ի վերջո,  ռազմական խնդիրներով զբաղվող շվեդական հեղինակավոր այս կառույցը Հրանտ Բագրատյանը չէ (որի բերած տնտեսագիտական հակափաստարկներին, ի դեպ,  այդպես էլ լուրջ պատասխան չհնչեց), որ տակից դուրս գան քաղաքական ճամարտակություններով: Այստեղ ներկայացված են կոնկրետ թվեր, որոնք շատ մտահոգիչ են մեզ համար: Էլ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ ըստ SIPRI-ի, Ադրբեջանին  զենք մատակարարող թիվ մեկ պետությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է` այն երկիրը,  որին Սերժ Սարգսյանը  մինչեւ 2044թ. նվիրեց  մեր ռազմաբազաները` այդպիսով «ավելացնելով մեր պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը»: Զեկույցում նաեւ նշվում է. «Երեւանի կողմից վերջին 4 տարիներին ձեռք բերված զենքի ու զինամթերքի  96 տոկոսը  ռուսաստանյան ծագում ունի»:  Ինչ խոսք, բացառապես Սերժ Սարգսյանի վարած ճկուն քաղաքականության արդյունքում է, որ ռուսները մեզ թույլ են տվել ամբողջ 4 տոկոսի զենք գնել ուրիշ  երկրից:




Լրահոս