Հ. Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրում դրական բան չի եղել. Ա. Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին լրացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Նա վարչապետի պաշտոնում նշանակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից 10 օր անց՝ ապրիլի 13-ին:

Հենց առաջին իսկ օրվանից վարչապետը մեծ խոստումներ տվեց, թե, օրինակ, աշխատելու է բաց և թափանցիկ, սակայն 100 օր անց շատերն այդպես էլ ոչ մի առաջընթաց չեն տեսնում, նույնիսկ հետընթացն է ակնառու:

Armlur.am-ը՝ պարզելու համար, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ կան, զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրն արդեն լրացել է. որևէ դրական տեղաշարժ տեսնո՞ւմ եք:

– Ո՛չ, չեմ տեսնում և չեմ էլ կարող երբևիցե ակնկալել, որովհետև այն տեսակետն ունեմ, որ անձերն, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունենալով, բավականին փոփոխելով ընդհանուր ուղղությունը՝գլխավոր ուղղությունը չեն կարող փոփոխել: Այսինքն՝ իշխանության կողմից վարվող ընդհանուր քաղաքականությունը չեն կարող փոխել: Հովիկ Աբրահամյանն իշխանության կարկառուն ներկայացուցիչներից է, ով այս տարիների ընթացքում նաև խոշոր կեղծարարությունների է մասնակից եղել: Մինչև համակարգային փոփոխություն չլինի, ես որևէ դրական տեղաշարժ չեմ կարող ակնկալել:

– Եթե դրական ոչինչ չեք տեսնում, կնշեք ի՞նչ հետընթաց է արձանագրվել այս 100 օրում:

– Ինքը առանձնապես չէր էլ կարողանալու խորանալ. ուղղակի այն տենդեցները, որոնք կան, շարունակվել են: Չմոռանանք, որ Հովիկ Աբրահամյանը պետության երկրորդ դեմքն էր: Լինելով ԱԺ նախագահ՝ ինքը չի՞ նպաստել այդ իրավիճակին, նպաստել է: Ուրեմն, երբ որ երկրորդ դեմքից դառնում են երրորդ դեմք, դա ևս անհասկանալի է: Այդ ինչպե՞ս երկրորդ դեմքը կցանականար դառնալ երրորդ: Ինքը ի՞նչ պետք է փոխեր. ոչ մի բան: Այն գործունեությունը, որ նա այս տարիներին ծավալել է, շարունակվելու է:




Լրահոս