3 տարով կհետաձգվի «Գրինհաուզ»-ի ապրանքների համար հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում գործադիրի սահմանած կարգով ընտրված «Գրինհաուզ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի հուլիսի 10-ից մինչև 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը:

«ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրերով նախատեսում է ՀՀ Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

«Ջերմոցային տնտեսության կառուցումը և շահագործումը կհանդիսանա ևս մեկ քայլ ՀՀ գյուղմթերքների նկատմամբ ձևավորված պահանջարկի և առաջարկի կշիռների փոփոխության գործում, օգտագործելով ընկերության ունեցած ռեսուրսները՝ կգրանցվի գյուղատնտեսության ճյուղում լուրջ առաջընթաց»,- նշված է որոշման նախագծում:

30 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 8.1 մլրդ ՀՀ դրամի չափով: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել ֆրանսիական և հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.72 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն էլ կարտահանվի ԱՊՀ և ԵՄ:

Կառավարությունն ակնկալում է, թե ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 65 աշխատատեղ , իսկ միջին աշխատավարձը 2015թ.-ին կկազմի 125 հազար, 2016թ.-ին՝ 130 հազար և 2017թ.-ին՝ 135 հազար դրամ:




Լրահոս