«Ժողովուրդ»-ը հուլիսի 17-ին հրապարակել էր, որ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրի հյուսիսային մուտքի ճանապարհային նշանը տեղադրված է բաց դաշտում, գյուղի փաստացի կառուցապատման գոտու սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա: Մինչդեռ այն պետք է լիներ Սարիգյուղից դեպի Բերքաբեր տանող ճանապարհի խաչմերուկում, որտեղից սկսվում են Սարիգյուղի տները:
Ըստ ճանապարհային նշանների տեղակայման մասին ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշման՝ «Նշանները տեղակայվում են բնակավայրի բոլոր մուտքերի մոտ՝ բնակելի կառուցապատման սահմանի վրա»: Այդ նշանները տեղադրված էին Սարիգյուղի վարչական սահմանին, բայց ոչ՝ բնակելի կառուցապատման գոտու սահմանին:
Տավուշի մարզի վարորդները բազում անգամ «Ժողովուրդ»-ի թղթակցին բողոքել են, որ Սարիգյուղի հյուսիսային եւ հարավային մուտքն ազդարարող ճանապարհային նշանները տեղադրված են գյուղի բնակելի կառուցապատման սահմանից բավականին հեռու: Վարորդները բողոքելով՝ հույս ունեին, որ մամուլի միջոցով բարձրաձայնված խնդիրը կարժանանա համապատասխան մարմինների ուշադրությանը: Եվ այդ ակնկալիքները, բարեբախտաբար, արդարացան:
«Ժողովուրդ»-ի հրապարակումից անմիջապես հետո հանվել են Սարիգյուղ բնակավայրի հյուսիսային եւ հարավային մուտքերին տեղադրված, բնակավայրի սկիզբը եւ ավարտն ազդարարող ճանապարհային նշանները: Հուսանք, որ առաջիկա օրերին այդ նշանները կտեղադրվեն նոր վայրերում՝ Սարիգյուղի բնակելի կառուցապատման սահմանին՝ ինչպես պահանջում է Կառավարության որոշումը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ