Չնայած Հայաստանի իշխող էլիտայում մինչ օրս արմատացած տպավորություն կար, որ Հայաստանի Հանրապետության միասնական քննչական կոմիտեն չի ձևավորվելու, այնուամենայնիվ, այդ տպավորություները կարծես թե օր օրի ի չիք են դառնում: Հատուկ Աղվան Հովսեփյանի համար «կարվա» այդ կառույցը միս ու արյուն է ստանում:
Եվ այսպես, երբ 2013թ. սեպտեմբերի 13-ին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց ՀՀ գլխավոր դատախազի աթոռին և համբուրելով դատախազության դուռը ծափողջույններով հեռացավ, գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ նա կգնա թոշակի: Բանն այն է, որ նա եղել է Հայաստանի ամենաերկարակյաց դատախազներից մեկը և կարծես թե վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նրա գործունեությունից դժգոհ էր:
Սակայն, ինչպես նկատում ենք, իրադարձություններն ավելի արագ զարգացան և Աղվան Հովսեփյանը կարողացավ իր հնարավորություններն ու տեղեկացվածության բարձր մակարդակը ճիշտ օգտագործելով հասնել այն արդյունքին, որ հատուկ իր համար Հայաստանում ստեղծվեց Միասնական քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, իր մեջ ներառելու է ՀՀ ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմիններին, իսկ ահա Պետական եկամուտների կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները կարողացան Սերժ Սարգսյանի մոտ այնպիսի լոբբինգ իրականացնել, որի արդյունքում էլ դուրս մնացին միասնական քննչական կոմիտեի կազմի մեջ մտնելու հեռանկարից:
Ու երբ քննչական կոմիտեի նախնական գծագիրը փոխվեց և այդ մարմնի լիազորությունները փոքր դարձան, հատկապես իրավապահների շրջանում արմատավորվեց կարծիք, որ միասնական քննչական կոմիտեն այդպես էլ չի ձևավորվելու և Աղվան Հովսեփյանը հաստատ կգնա իր վաստակած թոշակին: Սակայն միասնական քննչական կոմիտեն արդեն ձևավորված է:
«Ժողովուրդ»-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ բավականին մեծ անհանգստություն կա Աղվան Հովսեփյանի վերադարձով: Բանն այն է, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարճ ժամանակում հասցրեց կադրային ջարդ իրականացնել ՀՀ գլխավոր դատախազությունում և Աղվան Հովսեփյանի մերձավորները մեկը մեկի հետևից դիմումներ գրեցին, դուրս եկան դատախազության համակարգից: Շատ ոլորտներում էլ պաշտոնյաները շտապեցին «մաքրել» Աղվան Հովսեփյանի հետքերը՝ «տրվելով» նոր գլխավոր դատախազին: Ու մեկ էլ հանկարծ՝ Աղվան Հովսեփյանը նորից վերադառնում է և բավականին մեծ լիազորություններով՝ պատրաստվելով իրականացնել երկրում տեղի ունեցող գրեթե բոլոր քրեական հանցագործությունների քննությունը:
Հասկանալի է, որ քննչական մարմիններում աշխատող շատ ծառայողներ Հովսեփյանի ձեռամբ պարզապես կմնան լուսանցքում: Այս վերադասավորումները հետաքրքիր ընթացք կունենան:
Պակաս հետաքրքիր չէ պատկերացնել նաև այն իրավիճակը, թե ինչպես է Աղվան Հովսեփյանն ինչ-որ բան զեկուցելու իր նախկին ենթակային և ինչպես է Գևորգ Կոստանյանը հանձնարարություններ տալու իր նախկին ղեկավարին:
Դժվար է նաև պատկերացնել Աղվան Հովսեփյանի փոխհարաբերությունները ուժային մյուս կառույցների ղեկավարների հետ, քանի որ ոստիկանություն-դատախազություն, ԱԱԾ-դատախազություն լարված հարաբերությունների մասին մամուլը շատ է գրել:
Այսպիսով, պետք է արձանագրենլ, որ նրա վերադարձով Հայաստանի իրավապահ համակարգում բավականին խաղաքարտեր խառնվելու են և ուշագրավ զարգացումներ են սպասվում այս ոլորտում: Հուսանք, որ այդ զարգացումները չեն խեղի մարդկանց ճակատագրերը և շարքային քաղաքացիներին վերաբերող քրեական գործերը չեն դառնա իրավապահ համակարգի վերին օղակների ռազբորկայի առիթ և միմյանցից վրեժ լուծելու փայլուն հնարավորություն:
Քնար Մանուկյան