Հովիկ Աբրահամյանի` պոմիդոր աճեցնելու տաղանդը կարող է փրկել ՀՀ տնտեսությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի, Նորվեգիայի եւ Ճապոնիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված կոշտ պատժամիջոցներին ի պատասխան նշված երկրների  պարենային արտադրանքի  ներմուծման կասեցումը բազմաթիվ հեղինակավոր  տնտեսագետներ գնահատեցին որպես Ռուսաստանի կողմից Արեւմուտքի «խայծը կուլ տալու»  դրսեւորում: Ու մինչ Կրեմլի քարոզչամեքենան փորձում է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները ներկայացնել որպես ուժի եւ անպարտելիության  ցուցադրություն, հենց Ռուսաստանի ներսում արդեն քիչ թե շատ քաղաքականապես եւ տնտեսապես գրագետ խավերը սկսում են բարձրաձայնել, որ սա արդեն չափազանց էր, քանզի պատասխան պատժամիջոցների հետեւանքները կրկնակի ծանր են նստելու  ՌԴ քաղաքացիների  վրա:

Դրա առաջին ծիծեռնակներն արդեն իսկ առկա են` որոշ խանութների զգալիորեն դատարկված  տաղավարների տեսքով, որոնք առաջիկայում սպառնում են է՛լ ավելի աղքատիկ տեսք ունենալ: Թեեւ, կարելի է չկասկածել, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, եւ Պուտինի վարչակարգն, այնուամենայնիվ, միջոցներ կձեռնարկի եվրոպական որակյալ  սննդամթերքի սիրահար իր քաղաքացիներին  իսպառ չզրկելու համար «իմպերիալիստական համադամներից»: Ի վերջո, չմոռանանք, որ ռուսները սիրում են համով ուտել, եւ որ 1905 թ.  հեղափոխությունը հենց անորակ մսի համար «Պոտեմկին զրահանավի» անձնակազմի ապստամբությունից սկսվեց: Սա, իհարիկե, շատ լավ գիտակցում են նաեւ Կրեմլում, եւ կանխատեսում են, որ ինչքան էլ ներկայիս ռազմահայրենասիրական համազգային էքստազն ուժեղ լինի, այն ընդհատվելու է` հենց ազգը սկսի քաղց զգալ:

Ուստիեւ` դա թույլ չտալու համար, ճիշտ է` ավելի թանկ գնով,   արգելված սննդամթերքը ռուսներին կհասցվի (թերեւս արդեն իսկ հասցվում է)  ՄՄ անդամ երկրների` Ղազախստանի եւ Բելառուսի  միջոցով, ինչից վերջիններիս զգալի եկամուտներ կունենան: Հիշեցնենք, որ ժամանակին  նույնկերպ ռուս սպառողներին չզրկեցին վրացական արգելված «Բորժոմի»-ից` այն ռուսական խանութների տաղավարներին հասցնելով ղազախական եւ բելառուսական  մաքսակետերից;

Այս իրավիճակում նոր հնարավորություններ են բացվում նաեւ Հայաստանի համար, որի գյուղատնտեսական  արտադրանքը բավականին որակյալ լինելով հանդերձ` սպառման շուկայի խնդիր ունի: Ինչ է անում ՀՀ կառավարությունը` հսկայական ռուսական շուկայում ի սկզբանե մեր տեղն ամրագրելու ուղղությամբ: Առայժմ` կարծես թե ոչինչ: Մինչդեռ սա  հրաշալի առիթ է պոմիդորի աճեցմամբ միլիոնատեր դարձած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար` ցուցադրելու իր տաղանդը եւ այդպիսով խոստացված տնտեսական աճն ապահովելու:




Լրահոս