Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, և առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում 90 օր:
Նշվում է, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով՝ աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։
Վրաստանն իր այս քայլը հիմնավորում է Եվրամիություն մտնելով: Այդ ճանապարհին կարևոր հանգամանքներից մեկն էլ վիզային ռեժիմների համապատասխանեցումն է Եվրամիության երկրների հետ: Ընդգծվում է նաև, որ այս որոշումն ընդունվել է վիզային հայտերի ու միգրացիոն գործընթացների ավելի արդյունավետ դիտարկման նպատակով:
Շատերն այն հույսն ունեն, որ Վրաստանը չի ցանկանա բարդացնել Հայաստանի հետ գործարար և տուրիստական հարաբերությունները: Ինչպես հայտնի է՝ հայերն ամենից շատ սիրում են իրենց հանգիստն անցկացնել հենց Վրաստանում, սակայն այս առումով խորհուրդ են տալիս հանգիստ լինել, քանի որ հայերը մեկնում են հանգստի միայն կարճ ժամկետով:
Հավելենք, որ օգոստոսի 21-22-ը նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, որի ժամանակ քննարկվելու է նաև Վրաստանի հետ վիզային ռեժիմի հարցը: Եվ շատ մարդկանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները կտրվեն հենց այդ հանդիպման ժամանակ: