ՀՀ մաքսակետերում թմրամիջոցի տեղափոխման դեպքեր են բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 12 դեպք է հայտնաբերել, որոնց մեջ գերակշռել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը. հայտնում է ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետևողական վերահսկողությունը` կանխելով մի շարք այլ փորձեր:

Ընդհանուր առմամբ Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել:

Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օրերս էլ Իրանի մի քաղաքացու պայուսակից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 կտոր մուգ շագանակագույն ափիոնանման զանգված` 127 գրամ ընդհանուր քաշով: Մեկ այլ դեպքով էլ Իրանի մի քաղաքացու պատկանող ավտոմեքենայի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2.6կգ մուգ կանաչ գույնի, չոր կանեփանման զանգված և ավելի քան 500 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:




Լրահոս