ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին` տեղեկացնելով, որ իրենց ազատել են աշխատանքից: Հիմնականում կրճատվել են թոշակառու անձինք, սակայն աշխատանքից ազատվածների մեջ կան նաեւ ոչ թոշակառուներ: Ի դեպ, նույն կրճատման գործընթացն իրականացվում է նաեւ ՀՀ մյուս մարզերում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբեր ամսին որոշում կայացրեց պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլման ձեւով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Այս պահին ոչ միայն «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում է խառնաշփոթ եւ անորոշ իրավիճակ տիրում, այլեւ մյուս մարզերում: Կառույցն ունի մարզային կենտրոններ, եւ նույն գործընթացն իրականացվում է ամենուր: Արդյունքում՝ կենտրոնների աշխատակիցները հայտնվել են դժվարին կացության մեջ. նրանք չգիտեն` աշխատանք կունենան, թե ոչ:
Քանի որ մեզ ահազանգել էին «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, մենք դիմեցինք հենց Շիրակի մասնաճյուղի տնօրենին` Վարդան Ուռուտյանին: «Ես նույնպես ստացել եմ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում: Ավելին չեմ էլ մտածում, որ կարող եմ վերանշանակվել նույն պաշտոնում: Հիմա կառույցը վերակազմավորման փուլում է: Այսօր, առաջին աշխատողից սկսած մինչեւ վերջինը, ծանուցում է ստացել այն մասին, որ աշխատանքային պայմանագրերը լուծվում են: Իսկ թե հետագան ինչպես կավարտվի, ընթացքը ցույց կտա: Բայց այդ նույն ծանուցումից ես էլ եմ ստացել: Կվերանշանակվեմ, թե ոչ՝ հայտնի չէ»,-ասաց տնօրենը:
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը իր հերթին նույնպես հայտարարեց, որ դեռեւս երեք ամիս առաջ բոլոր աշխատողներին անխտիր ծանուցվել է աշխատանքից հնարավոր ազատման կամ տեղափոխման մասին: «Ընդ որում, այդ ծանուցումը չի նշանակում, որ տվյալ աշխատակիցը պարտադիր պետք է ազատվի: Համապատասխան վերակազմակերպման գործընթաց է տեղի ունեցել կառավարության համապատասխան որոշման հիման վրա: Քանի որ նոր հիմնարկ է ստեղծվում նոր հաստիքացուցակով եւ պաշտոններով, նոր անվանումով, նշանակում է, որ մենք օրենքով սահմանված կարգով պետք է իրենց առնվազն վերանշանակենք այլ պաշտոնում, որովհետեւ այն հիմնարկը, որտեղ իրենք աշխատում էին, գոյություն չունի: Եվ, այդուհանդերձ, մասսայական կրճատումների մասին որեւէ խոսք լինել չի կարող: Խոսքը վերաբերում է միայն ոչ օպտիմալ հաստիքներին, այսինքն` բժշկական անձնակազմի կրճատում չի նախատեսվում, որեւէ սուբյեկտիվ գործոն լինել չի կարող: Այս պահի դրությամբ քանի որ նոր հաստիքացուցակ է հաստատվել, դրա համար վերանշանակման պրոցես է ընթանում: Նախարարի հանձնարարությամբ՝ բոլոր նմանատիպ երեւույթները նվազագույնի պետք է հասցվեն, այսինքն` աշխատանքից ազատման դեպքերի մասով աշխատողներն իրենց իրավունքների հետ կապված որեւէ խնդիր չպետք է ունենան, որեւէ խախտում չպետք է լինի»,-պարզաբանեց աշխատակազմի ղեկավարը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս գործընթացն իրականացվում է նաեւ մյուս մարզերում, եւ այս պահի դրությամբ դեռ հստակեցված չէ, թե քանի աշխատող կկրճատվի: Նա նաեւ վստահեցրեց, որ հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի բժշկական անձնակազմից ոչ ոք չկրճատվի. «Բացառապես, եթե կրկնվող հաստիքներ կլինեն տնտեսական բլոկում: Օրինակ` մի մարզում ՊՈԱԿ-ից ազատված աշխատակիցներին մենք փորձելու ենք աշխատանք առաջարկել մեր այլ հիմնարկներում: Աշխատելու ենք իրենց վերանշանակել նոր ստեղծված կառույցում, քանի որ այնտեղ շատ ունենք փորձառու եւ բանիմաց մասնագետների կարիք»:
Թե այս նոր հիմնարկը երբ կգործի, եւ արդյոք ազատված աշխատակիցները կվերանշանակվեն, հայտնի չէ: Մի բան է միայն հստակ. մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ՀՀ քաղաքացիներն ամեն անգամ կանգնում են նոր խնդիրների առջեւ: Այդքանից հետո հարց է առաջանում. արդյոք իրականացվող փոփոխությունները կարելի է բարի համարել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
1016 ԱԿՆՈՑ ՊԵՏԱԿԱՆԱՑՎԵՑ
Երեւան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Վահե Մելքոնյանը Վրաստանում ձեռք է բերել 1016 հատ տարբեր տեսակի ակնոցներ, 44 հատ ակնոցի ոսպնյակներ եւ 11 հատ ակնոցի տուփեր՝ ընդհանուր 2 միլիոն 759 հազար 200 դրամ արժողությամբ: Վրաստանից Հայաստան գալուց առաջ նա նշված իրերը բաժանել է 3 մասի, մի մասը թաքցրել իր վարած «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի ծածկոցի հետեւի մասում, մի մասը՝ սրահի նստատեղի հետնամասում, երրորդ մասը՝ հետեւի նստատեղերի ոտնամասերի մոտ: 2013թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Վրաստանից Բագրատաշենի անցակետով ժամանելով Հայաստան՝ նա մաքսային ծառայության աշխատակիցների բանավոր հարցին պատասխանել է, թե հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի եւ հիշյալ ապրանքները դուրս է հանել մաքսային հսկողության գոտուց: Սակայն իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայից հայտնաբերվել են մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված իրերը:
Վ. Մելքոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 215-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Օրերս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում կայացավ սույն քրեական գործով դատավարությունը: Մինչ այդ արդեն Վ. Մելքոնյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր՝ խորհրդակցելով իր պաշտպանի հետ: Դատարանը բավարարել էր այն: Դատավոր Սամվել Մարդանյանը Վ. Մելքոնյանի նկատմամբ պատիժ սահմանելիս որպես մեղմացնող հանգամանքներ է դիտարկել նրա կողմից անկեղծորեն զղջալը, նախկինում արատավորված չլինելը, խնամքի տակ անչափահաս երեխա ունենալը: Դատարանը Վ. Մելքոնյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքով եւ դատապարտել 1 միլիոն դրամ տուգանքի, սակայն կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը` ամբաստանյալին ազատել է տուգանքից: Դատավճռով մաքսային պահեստում գտնվող, մաքսանենգ ձեւով ներկրված 1016 հատ ակնոցները, 44 հատ ակնոցի ոսպնյակները եւ 11 հատ ակնոցի տուփերը կբռնագանձվեն հօգուտ ՀՀ-ի: Հավելենք, որ Տավուշի մարզի դատարաններում շատ են Վրաստանից Հայաստան հեռախոսների եւ նոութբուքերի մաքսանենգ ներկրման դեպքերով դատական գործերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն 2:0 հաշվով առավելության հասավ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ: Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթի»-ն սխալվեց պաշտպանությունում, ինչը վճռորոշ եղավ այս խաղում: 53-րդ րոպեին դաշտի տերերի արգենտինացի պաշտպան Մարտին Դեմիչելիսը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Լիոնել Մեսսիին եւ վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից, իսկ տուժողն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Կատալոնացիների բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը խաղի վերջնամասում խփեց երկրորդ գոլը։
Նույն օրը Լեւերկուզենի «Բայեր»-ը սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվեց «Պարի Սեն Ժերմեն»-ին: Դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, մեկական գոլ խփեցին Մատուիդին եւ Կաբայը։ Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին:
Իսկ երեկ՝ ուշ երեկոյան, կայացան 1/8-րդ եզրափակչի «Միլան»-«Ատլետիկո» եւ «Արսենալ»-«Բավարիա» առաջին հանդիպումները։
ՄԵԴԱԼՆԵՐ, ՄԵԴԱԼՆԵՐ…
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 18-ի դրությամբ Գերմանիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը մեդալների հաշվարկով։ Գերմանացիները նվաճել են 15 մեդալ, որից 8-ը՝ ոսկե, 3-ը՝ արծաթե եւ 4-ը՝ բրոնզե։ Նորվեգացիները նվաճել են 18 մեդալ, սակայն դրանցից 7-ն է ոսկե, 4-ը՝ արծաթե, իսկ 7-ը՝ բրոնզե։ Լավագույն եռյակը 20 մեդալով եզրափակում են հոլանդացիները, որոնք նվաճել են 6-ական ոսկե ու արծաթե, ինչպես նաեւ 8 բրոնզե մեդալ։ ԱՄՆ-ն ունի 6 ոսկե, 4 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ։ Եվ վերջապես, հինգերորդը Ռուսաստանի հավաքականն է՝ 5 ոսկե, 8 արծաթե եւ 6 ոսկե մեդալներով։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Բելառուսը 5 ոսկե եւ 1 բրոնզե մեդալով յոթերորդն է։
ԱՆՄԱՐԶԻՉ ՀԱՎԱՔԱԿԱՆ
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է 36 խաղացողներից բաղկացած հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է մարտի 5-ին Կրասնոդարում Հայաստանի ազգային հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Ընդ որում, այդ 36 ֆուտբոլիստներից միայն մեկն է լեգեոներ՝ Դենիս Չերիշեւը, որը հանդես է գալիս իսպանական «Սեւիլիա»-ում։ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն վերջնական կազմը կներկայացնի ավելի ուշ։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ազգային հավաքականը դեռեւս գլխավոր մարզիչ չունի, եւ պարզ չէ, թե ով է նախապատրաստելու հավաքականն այդ ընկերական հանդիպմանը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ