2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը 600 հազար եվրոյով ձեռք բերեց «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին. այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն` «իրենց բաժին» Սեւանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը` «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ:
-Պարոն Հովհաննիսյան, մեր տեղեկություններով` «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորն այսօր օգտագործվում է մաքրելու համար այն պաշտոնյաների ամառանոցների ափերը, որոնք տեղակայված են Սեւանա լճի ափին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
-Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՞ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել:
-Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում մաքրման ենթակա տարածքները:
-Գիտականորեն առաջարկվում են այն տարածքները, որոնք արդեն իսկ ջրի մեջ են: Ջուրը ինչ չափի որ բարձրանում է, աշխատում ենք այդ չափով անմիջապես ապահովել մաքրման աշխատանքները:
-Հատո՞ւկ մասնագետ է իրականացնում այդ աշխատանքները:
-Նախկինում, երբ այդ մեքենան բերել են հատուկ մասնագիտություն չի պահանջվել դրանով աշխատելու համար: Այսինքն` այն վարորդները կարող են աշխատել, ովքեր ժամանակին տրակտորների վրա աշխատել են:
-Մաքրման աշխատանքները սեզոնայի՞ն բնույթ են կրում, թե՞ կարող են իրականացվել ողջ տարին:
-Հիմա այս պահին Վարդենիսի տարածաշրջանում են ընթանում մաքրման աշխատանքները: Լինում է, որ ձմռանն էլ են աշխատում: Այս շաբաթ ցանկանում ենք բնապահպանական ակտիվ հասարակական խմբերի հրավիրել, ոչ թե` աշխատանքների ավարտին գան մասնակցեն, այլ ընթացքում, որպեսզի իրենք իրենց աչքով տեսնեն ամեն ինչ: Մենք ունենք նախարարի հանձնարարականը` մեր կողմից կատարված ծրագրերին եւ աշխատանքներին պետք է մասնակցություն ունենան նաեւ հասարակական կազմակերպությունները:
-Տարեկան որքա՞ն գումար է հատկացվում կոնկրետ այդ մեքենայով ափամերձ տարածքը մաքրելու համար:
-Մրցույթ է նախապես հայտարարվում: Տարեկան մաքրման աշխատանքների համար հատկացվում է մոտավորապես 122 մլն դրամ, եւ դրան գումարած 5 հա լրացուցիչ տարածքը, որն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:
-Իսկ այդ էքսկավատորի սպասարկումն ինչպե՞ս է իրականացվում: Որքա՞ն վառելիք է այն ծախսում:
-ՀՀ կառավարության որոշման համաձայն, երբ մրցույթով ընտրվում է կապալառու կազմակերպությունը, ապա այն հանձնվում է տվյալ հաղթող կազմակերպությանը: Այն տարեկան լրացուցիչ 5 հա տարածքով մաքրման աշխատանքներ է կատարում: Մաքրման այդ աշխատանքներն իրականացնում է «Ճամբարակ»ՍՊԸ-ն: Ի դեպ, այս առումով վերջին մրցույթն իրականացվել է 2013-ի նոյեմբեր ամսին: Իմ տեղեկությամբ` դիզվառելիքով է աշխատում այդ սարքավորումը: Դա 2010-ին է մեր պետությունը գնել ու բավականին հզոր մեխանիզմ է: Արտադրությունը ֆիննական է: Այս պահին էլ աշխատում է, կապալառու կազմակերպությունը շատ գոհ է: Պայմանագրի եւ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է` եթե մարքման ընթացքում այն վնասվի, ապա անմիջապես ակտ է կազմվում եւ կապալառու կազմակերպությունն իր գումարների հաշվին պարտավորվում է այն վերանորոգել:
-Իսկ երբ, ի վերջո, լճի ափերի մաքրման գործընթացն ավարտվի, ի՞նչ եք անելու այդ թանկարժեք մեքենան:
-Տա Աստված, այդ աշխատանքներն ինչքան շուտ ավարտվեն, այնքան լավ կլինի մեր միակ Սեւանա լճի համար: Բայց աշխատանքները ծավալուն են եւ ըստ ծավալներիª աստիճանաբար մաքրվում են: Ամեն տարվա համար հատկացված չափաքանակները կան եւ ըստ ժամանակացույցի` դրանք իրականացվում են: Գնումների մասին ՀՀ օրենքի համաձայն, եթե տվյալ կապալառուն ժամանակացույցը խախտի, ապա կտուգանվի: Իսկ մինչ այդ նման խախտումներ չեն եղել:
-Պարոն Հովհաննիսյան, Ձեր նախկին վերադասի` բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի կատարած աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Նրա հեռանալուց հետո անավարտ մնացած շա՞տ ծրագրեր կան:
-Նախկին պետերի մասին` ոչինչ: Բոլոր աշխատանքները կամ լինում են բավարար, կամ էլ` անբավարար: Ես նրա աշխատանքը գնահատում եմ բավարար:
-Առաջիկայում տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: Դուք հայտ ներկայացնելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Ես էլ եւ ցանկացողներն էլ հայտ կներկայացնենք ու կմասնակցենք մրցույթին:
Հ. Գ. Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Իսկ ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերեւներն ու ճյուղերը, որոնք մեծամասամբ չեն հանվում լճից: Հիշեցնենք, որ Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀ կառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀ դատախազությունը ժամանակին քրեական գործ էր հարուցել, որն անհեթեթ պատճառաբանություններով կարճվեց:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ