Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը չունի տեղեկություններ այն մասին, թե երկրի արևելքում քանի զինվորական է գերի ընկել անջատողականների մոտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
Նա նշել է, որ հակաահաբեկչական օպերացիայի անցկացման գոտում զինադադար հայտարարելուց հետո Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գերությունից ազատվել է 648 զինծառայող. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Հրադադարը նպաստել է ձերբակալված ուկրաինացի զինծառայողների ազատ արձակմանը», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լիսենկոն:
«Աշխատանքներ են տարվում մյուսների ազատման ուղղությամբ», – հավելել է նա:
Հիշեցնենք, որ հրադադարի ռեժիմը գործում է սեպտեմբերի 5-ից: