«Քառյակը» կուտակայինի հարցով կրկին կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին չորս քաղաքական ուժերի նիստի ավարտից հետո նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» նպատակահարմար չեն համարում ՍԴ դիմել, բայց պատրաստ են միանալ մեր նախաձեռնությանը»,- նշեց Ռուստամյանը և հավելեց, որ մոտ օրերս պարզ կլինի, թե երբ կդիմեն Սահմանադրական դատարան:
Բացի այս հարցից՝ «քառյակի» նիստում քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր, որոնցից են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, սահմանամերձ գյուղերի իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը և այլն:
Քառյակը նաև անդրադարձ է կատարել արտագաղթի կասեցման թեմային. «Համապատասխանեցրինք նամակի այն տեքստը, որով մենք պետք է դիմենք ԱԺ-ի նախագահին, ով էլ իր լիազորությունների սահմանում պետք է հրավիրի լսումներ՝ արտագաղթի պատճառների և դրանց լուծման ճանապարհների թեմայով»,- ասաց նա: