Ներդրվում են պնևմակոկային պատվաստումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարեւորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն եւ հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:

Այս նկատառումով սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնեւմակոկային վարակների դեմ պատվաստումներով:

Թոքաբորբերը եւ շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնեւմակոկային հարուցիչը: Պնեւմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլեւ այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) եւ բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների եւ տարեցների մոտ:

ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնեւմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում է անբարեհաջող ելքով: Պնեւմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում: Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային եւ պնեւմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի) հիվանդացության բարձրացումների միջեւ։ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնեւմակոկային վարակների զարգացման ռիսկը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես եւ ողջ աշխարհում, պնեւմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնեւմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաեւ հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնեւմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը:

Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչեւ 5 տարեկան 100,000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչեւ 100, այսինքն` առկա մոտ 200 000 մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

Պնեւմակոկային վարակների դեմ ամենարդյունավետ եւ տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում աշխարհի փորձը:

Ամերիկյան մայրցամաքի եւ եվրոպական երկրներում մինչ կոնյուգացված պնեւմակոկային պատվաստումների իրականացումը վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ (մանրէային) հիվանդությունների պատճառը պնեւմակոկերն էին: Պնեւմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան եւ բարձր տարիքային խմբում պնեւմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնեւմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության եւ բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները եւ այլն։ Ակնկալվում է, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաեւ պնեւմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի եւ մենինգիտների նվազումը` դրանով իսկ վերահսկելով մանկական մահացությունը եւ նպաստելով վերջինիս կայուն նվազեցմանը։




Լրահոս