Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի նախկին ղեկավար Ազատ Ղուկասյանը անչափահաս աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Դատաքննությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացել է դռնփակ կարգով:
Ազատ Ղուկասյանը համատեղության կարգով Հարթաշենի դպրոցում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ էր աշխատում:
1997 թվականին ծնված Ա. Պարոնյանի հարազատների բողոքի հիման վրա` Գորիսի քննչական բաժնում 2012 թվականի մարտին քրեական գործ էր հարուցվել` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի բռնաբարություն):
Դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունները ցույց էին տվել, որ երեխայի նկատմամբ իսկապես սեռական բռնություն կատարվել է:
Տեղեկացնենք, որ Ազատ Ղուկասյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է կամ էր, ամուսնացած է, ունի թոռնիկներ:
Armlur.am-ի հետ զրույցում Հարթաշենի ներկայիս ղեկավարը` Գագիկ Վանեսյանը, տեղեկացրեց, որ նախկին գյուղապետի ընտանիքի և տուժող անչափահասի հարազատների միջև ընդհարումներ դեպքից հետո չեն եղել. գյուղը փոքր է, և յուրաքանչյուր բնակիչ ըմբռնումով է մոտենում իրավիճակին, քանի որ իրական մեղավորը կրում է իր պատիժը:
«Երեխան գյուղում է, ոչ մի տեղ չի գնացել: Հանգիստ շփվում է բոլորի հետ, և ոչ ոք դեպքի հետ կապված փոքրիկ ակնարկ անգամ անել իրեն թույլ չի տալիս: Բոլորն էլ հասկանում են աղջկա հոգեվիճակը: Նրա հետ կապված խնդիրներ չեն եղել ժողովրդի կողմից: Նույն վերաբերմունքը Ղուկասյանի ընտանիքի անդամների հետ է»,- ասաց համայնքապետը` նշելով, որ կոնֆլիկտներ երբևէ չեն առաջացել:
Գագիկ Վանեսյանը տեղեկացրեց, որ Ա. Պարոնյանի ընտանիքը աղքատության մեջ է ապրում. եթե օրավարձով աշխատանք է լինում, հայրը կարողանում է աշխատել և վաստակել, հակառակ դեպքում` տան անդամները օրերով քաղցած կարող են մնալ:
«Տարիքով եղբայր ունի, ով անասնաֆերմայում է աշխատում, բայց, բնականաբար, ընտանիքին օրավարձով աշխատավարձը բավականացնել չի կարող: Մի կերպ ծայրը ծայրին են հասցնում»,- հավելեց համայնքի ղեկավարը:
Նշենք, որ նախկին գյուղապետն իրեն մեղավոր չէր ճանաչել` իր հանդեպ կատարվածը համարելով շանտաժ: