Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդատու, նախկին գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկու վրա Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ տորթեր են շպրտել. տեղեկացնում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:
«Մի քանի անհայտներ մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճ են մտել, տորթեր նետել նախկին գլխավոր գատախազի վրա և փորձել են դիմել փախուստի: Միջադեպի մասնակիցներին ձերբակալել է գործակալության անվտանգության ծառայությունը և ոստիկանություն կանչել», – տեղեկացնում է գործակալությունը, որի մամուլի կենտրոնում անցկացվում էր ասուլիսը:
Հունիսին «Սվոբոդա» կուսակցության ներկայացուցիչ Մախնիցկին հեռացվել էր Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից, ինչից հետո նախագահ Պորոշենկոն նրան իր խորհրդականն էր նշանակել:
Ազգայնական «Սվոբոդա» կուսակցությունը կապված է ծայրահեղական «Աջ սեկտորի» հետ: Ապրիլի սկզբին ծայրահեղականները Կիևի ուժայինների հետ մեկտեղ մասնակցել էին Դոնբասի բնակիչների դեմ օպերացիային: