Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղը՝ որպես համայնք, պաշտոնապես գոյություն չունի: Այն համարվում է Իսահակյան համայնքի վարչական տարածք: Համայնքապետն էլ Իսահակյանի ղեկավարն է՝ Արտավազդ Արսենյանը: Բարձրաշենն ընկած է սարերի մեջ՝ Իսահակյանից 3.5 կմ հեռավորության վրա: Գյուղում ապրող 7-8 ընտանիքի, ընդհանուր առմամբ` 32 մարդու շնորհիվ է, որ Բարձրաշենը գոյատեւում է: Մինչեւ նախանցած տարի Բարձրաշենի դպրոցը տնակային պայմաններում գործել է, որտեղ սովորել են 8-10 երեխա: Իսկ ահա այս տարի կառավարությունը որոշել է լուծարել դպրոցը, քանի որ դպրոցահասակ 0-6 տարեկան երեխաներ գյուղում չկան, առաջիկա տարիներին էլ երեխաներ չեն ծնվելու: Կառավարության որոշմամբ՝ Բարձրաշենի աշակերտները պետք է սովորեն Իսահակյանի միջնակարգ դպրոցում՝ անցնելով օրական 3 կիլոմետրից ավել ճանապարհ:
Իսահակյանի դպրոցի տնօրեն Գնել Հարությունյանից տեղեկացանք, որ Բարձրաշենի դպրոցի պահպանության իրականացումը կառավարությունը հանձնել է իրենց դպրոցին: Իսահակյանի դպրոց են տեղափոխվել ոչ միայն Բարձրաշենի աշակերտները, այլեւ դպրոցի գույքը: Ինչպես նշեց տնօրենը, բարձրաշենցիներն ամեն ինչ արեցին, դիմեցին բոլոր ատյաններին, որպեսզի գյուղը չդատարկվի, անգամ դպրոց հիմնեցին, բայց երիտասարդների արտագաղթի ու ծնելիության պակասի պատճառով այն լուծարվեց: