Ինչու 6 ամիս շարունակ ԱԱԽ-ն քարտուղար չունի. մեկնաբանում է ՀՀԿ-ականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ կադրային հարցեր չեն քննարկվել, չնայած այն բանին, որ արդեն տեւական ժամանակ է` Հայաստանում առանցքային համարվող 4 պաշտոն թափուր է: Նկատենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի արդեն 3-րդ նիստն է անցկացվում, սակայն ՀՀԿ-ականները կարծես թե չեն շտապում հասարակությանը տեղեկացնել, թե ի վերջո ո՞վ է լինելու ՀՀ փոխվարչապետը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարը: ՀՀԿ-ում չեն շտապում նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզպետի թափուր մնացած պաշտոնում նշանակում կատարելու հարցում, դե, իսկ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն արդեն վեց ամիս է, ինչ քարտուղար չունի: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի` ընդդիմադիր «դառնալուց» եւ այդ պաշտոնից հրաժարվելուց հետո, Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում որեւէ մեկին չի նշանակել:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն այդ պաշտոններում նշանակումներ չի կատարում:

-Պարո՛ն Սահակյան, Հայաստանում այսօրվա դրությամբ 4 կարեւոր գերատեսչություն ղեկավար չունի, քանի որ ՀՀԿ-ն այդ պաշտոններում նշանակումներ չի կատարում: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ են ամիսներ շարունակ այդ պաշտոնները թափուր մնում:

-Ես, որպես Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կարող եմ ասել, որ այդ հարցը քաղաքական խորհրդում չի քննարկվել: Ես կարծում եմ, որ այդ պաշտոններում չպետք է հապշտապ, շատ արագ նշանակումներ կատարվեն, քանի որ դրանք շատ լուրջ պաշտոններ են: Դա իմ անձնական տեսակետն է: Միգուցե նաեւ, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել, դա է պատճառը, որ այսքան երկար է տեւում պրոցեսը, քանի որ իսկապես` նախքան նման պաշտոններին նշանակելը, անհրաժեշտ է լուրջ քննարկումներ իրականացնել, այնուհետեւ՝ նշանակել: Բայց թե ինչու նշանակված չէ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դա իմ լիազորություններից դուրս է:

-Բայց ստացվում է, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերում այն պաշտոններին, որոնք այսօրվա դրությամբ թափուր են, ստացվում է, որ այսքան ժամանակ այդ գերատեսչությունները գործում են առանց ղեկավարի:

-Ես չեմ կարծում, որ այդ հիմնավորումը կամ այդ փաստարկը տեղին է, կամ ճիշտ է, որովհետեւ եթե որեւէ պաշտոն ավելորդություն լիներ կամ ծանրաբեռնված չլիներ իր գործառույթներով, իրականում գոյություն չէր ունենա նման պաշտոն ու նաեւ պահանջ` այդ պաշտոնում նշանակում կատարելու շուրջ: Ես կարծում եմ, որ այդ խնդրին պետք է ավելի լուրջ մոտենալ, մեկնաբանություններն ու պատճառաբանություններն ավելի լուրջ հնչեցնել կամ փորձել մեկնաբանել այդ խնդիրը: Կարծում եմ՝ Ձեր կողմից նշված բոլոր պաշտոններն էլ շատ կարեւոր են, կարեւոր են երկրի համար, տվյալ տարածաշրջանի համար: Պետք է լուրջ, ծանրակշիռ որոշում կայացվի, այսինքն` ծանր ու թեթեւ արվի, տարբեր կողմերից դիտարկվի, նոր որոշում կայացվի:

-Իսկ հնարավո՞ր է այդքան երկար քննարկման, կամ Ձեր բնորոշմամբ` ծանր ու թեթեւ անելու պատճառն այն է, որ ՀՀԿ-ն կադրերի խնդիր ունի, ինչի համար էլ չի կարողանում նշանակումներ կատարել:

-Չեմ կարծում, որ այստեղ խնդիրը կադրերի բացակայության մեջ է, կադրեր չունենալու հետ կապված` խնդիր գոյություն չունի:

-Բայց ազգային անվտանգության խորհուրդը շուրջ 6 ամիս ղեկավար չունի, եթե, ինչպես նշում եք, ՀՀԿ-ի համար թափուր մնացած բոլոր պաշտոնները կարեւոր են, այդ դեպքում որն է պատճառը, որ արդեն վեց ամիս է` ՀՀԿ-ն չի կարողանում ԱԱԽՔ քարտուղար նշանակել:

-Ցանկացած հարցի, խնդրի պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենալ: Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտում, լրագրողական դաշտում նաեւ որոշակի սենսացիա կամ լրագրողական հնարք ստեղծելու խնդիր կա, նաեւ քաղաքական հնարք է, քանի որ մեր օպոնենտները փորձում են այդ ելակետից դիրքրորոշում ներկայացնել: Ես չեմ կարծում, որ դա կապված է անվտնագության խորհրդի քարտուղարի հետ… մենք բազմիցս մեր տեսակետը նշել ենք ու այժմ էլ այդ տեսակետին ենք, որ հատկապես Ձեր կողմից նշված անվտանգության խորհուրդը եւ խորհրդի քարտուղարի աշխատանքը… դա բավականին լուրջ, ռազմավարական նշանակություն, գործառույթ ունեցող մի մարմին է, որտեղ նաեւ նշանակում կատարելուց առաջ ծանրակշիռ որոշում պետք է կայացվի:

-Ստացվում է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը միակ ծանրակշիռ մա՞րդն էր, որը, փաստորեն, անփոխարինելի է այդ պաշտոնում:

-Անձամբ ես բարձր եմ գնահատում բոլոր այն պաշտոնյաններին, որոնք իրենց իրավասությունների շրջանակում իրենց պատկերացրածի եւ իրենց ուժերի ներածին չափով փորձել են օգնել մեր պետությանը, մեր երկրին: Այսքանը:

Հ. Գ. Երեկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս