Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանի կառուցումն ամիսներ անց ոչ միայն ավարտին կհասցվի, այլեւ արտադրանքը ռուսաստանյան շուկա կարտահանվի: Օրերս գործարանի տարածք էին այցելել Սյունիքի մարզպետն ու քաղաքապետը: Արտադրական նշանակության հողում հյուրերի ներկայությամբ հիմնաքար տեղադրվեց, իսկ Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը հիմնարկեքի կարգ մատուցեց՝օրհնելով հողը:
«Ընդհանուր հազար չորս հարյուրից ավել քառակուսի մետր տարածքում մարզում նախադեպը չունեցող գործարան կկառուցվի, որտեղ երկու հերթափոխով կաշխատեն ավելի քան երկու հարյուր հոգի, մեծ մասը՝ կանայք: Աշխատավարձերն էլ գոհացուցիչ կլինեն»,-հուսադրում են մարզային իշխանությունները:
«Աջակցելու եւ հետեւելու ենք, որ ինչքան հնարավոր է՝ արագ ավարտվի շենքի կառուցումը: Երեքից ավել հեկտարում ջերմոցային տնտեսություն կստեղծվի, որտեղից էլ արտադրանքը կհանձնվի պահածոների գործարանին: Ինչ գնով էլ լինի՝ պետք է Կապանում վերականգնենք գյուղատնտեսությունը»,-լրագրողների հարցերին պատասխանելիս ընդգծեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Մաքսային միության պայմաններում պետք է առիթից օգտվենք, փորձենք՝ ինչ ունենք, արտահանենք Ռուսաստան: Սա կառավարության վարկային ծրագրերն են, վարչապետի հանձնարականն է գյուղնախարարին եւ կենտրոնական բանկին»,-ավելացրեց մարզպետը:
Գործարանի տնօրինությունը մտադիր է վերկանգնել խորհրդային տարիներին Կապանում գործող պահածոների գործարանի ավանդույթը: «Վարելահողերը, կարելի է ասել, պիտանի չեն, մարդիկ չգիտեն ստացված բերքը ուր տանել եւ ում վաճառել: Նպատակն այն է, որ ազատագրված տարածքներում մշակվող բանջարեղենը իրացվի»,-ասաց գործարանի սեփականատեր, գործարար Սարմեն Սարգսյանը: Վերջինս արդեն վեց տարի է՝ զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ եւ «Սյունիք կաթի» հիմնադիրներից մեկն է: Նրա խոսքով` գործարանի եւ ջերմոցի գործարկման համար մոտ երեք մլն դոլարի ներդրումներ են պահանջվում, ինչի համար ութ տոկոսանոց վարկ կտրամադրվի:
Գործարանի շինարարությունը կիրականացնի Կապանի ավտոտեխնորոգման ընկերությունը: Արտադրամասը կաշխատի երեք հոսքագծով: Արտադրանքը կլինի մուրաբաների, հատապտուղների եւ բանջարեղենի պահածոների տեսքով, կլինեն նաեւ մրգային հյութեր: Բերքի մթերումները կիրականացվեն ինչպես Սյունիքից, այնպես էլ՝ ԼՂՀ-ի տարածքից:
Հերմինե Միքայելյան
Կապան