Armlur.am-ը ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության նախարարությունից տեղեկանում է, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա «Տոհմածառ» հանրապետական առաջին մրցույթի արդյունքների ամփոփումը և «Ծառն արմատներով է կանգուն» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Մրցույթի հատերն ընդունվել են մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 10-ը: Մասնակիցների տարիքային սահմանափակում չի եղել: Նախատեսված էր 2 անվանակարգ. «Իմ տոհմը» և «Ծագումնաբանությունն իմ նախասիրությունն է»:
Առաջին անվանակարգում ներկայացվել են սեփական տոհմի ծագումնաբանական հետազոտություններին նվիրված աշխատանքներ՝ առնվազն 150 տարի ժամանակահատվածի ընդգրկմամբ, երկրորդ անվանակարգում՝ արցախյան հայտնի գերդաստանների ծագումնաբանական հետազոտություններին նվիրված աշխատանքներ:
ԼՂՀ 6 շրջաններից՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Շուշիի, մայրաքաղաք Ստեփանակերտից և ՀՀ-ից (ք. Երևան) իրենց աշխատանքներն են ներկայացրել մրցույթի 19 մասնակից:
Մրցույթին ներկայացված աշխատանքների թվայնացված տարբերակներն ուղարկվել են գնահատող հանձնախմբի 7 անդամներին:
Հանձնախմբի անդամները, ներկայացված աշխատաքներն ուսումնասիրելուց հետո, նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի պատկերասրահում 10-բալանոց սանդղակով կգնահատեն յուրաքանչյուր աշխատանք՝ փակ քվեարկությամբ: Հաշվի կառնվեն աշխատանքների ճշգրտությունը, արժանահավատությունը, գրագիտությունը, գեղագիտությունը, ոճը, մրցույթի թեմատիկային համապատասխան լինելը, գեղարվեստական և ստեղծագործական ձևավորումը, տոհմի հետազոտության խորությունը, օգտագործված նյութերի լայնությունը, կազմկոմիտեի պահանջների կատարումը: Մրցույթի հաղթողները կորոշվեն հավաքած միավորների գումարով:
Մրցույթի կազմակերպումը նպատակը պատմական, ծագումնաբանական և պատմաերկրագիտական գիտելիքների զարգացման, հասարակության մեջ ծագումնաբանական ավանդույթների վերականգնումն է:
Մրցույթի կազմակերպիչը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: