ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՇԱՏ ԵՄ ԱՄԱՉՈՒՄ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌԱՋ»

Դերասանուհի Նարինե Գրիգորյանի ստեղծագործական կյանքը վերջին շրջանում ֆիլմաշատ է, նա կարծում է, որ այս ոլորտն աստիճանաբար հետաքրքիր է դառնում Հայաստանում, փոխարենն անտեսված է թատերախմբերի գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ հաճախ անձնակազմը սեփական գրպանից է ներդրումներ կատարում՝ թատերախմբի գործունեությունը փրկելու համար:

-Նարինե՛, վերջին շրջանում հաճախ եք ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ստանում, հիմա, կարծես, հիմնականում այդ ուղղությամբ եք աշխատում, այո՞:
-Այո՛, իմ ստեղծագործական կյանքում հիմա անչափ գեղեցիկ շրջան է, այժմ ավելի շատ ֆիլմերում եմ հանդես գալիս: Դրանցից վերջինը՝ «Թափանցիկ տանիքները», ղարաբաղյան պատերազմի տարիների սերնդի դժվարությունների մասին է: Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով հանուն մայրանալու պատրաստ է ցանկացած քայլի: Առհասարակ, կարծում եմ՝ ֆիլմարտադրությունը Հայաստանում աստիճանաբար հետաքրքիր ոլորտ է դառնում, արդեն լուսավոր կետ եմ տեսնում այդ բնագավառում:
-Միջազգային փառատոններին մասնակցելու ի՞նչ նոր հրավերներ ունեք:
-Պատրաստվում ենք նոյեմբերին Ռուբեն Բաբայանի բեմադրած «Դզին» ներկայացման խմբով մեկնել Գերմանիա՝ մասնակցելու տասնօրյա փառատոնի: Բացի այդ՝ նոյեմբերի վերջին Մոսկվայում կխաղանք Համազգային թատրոնում իմ բեմադրած «Լյու-բով» ներկայացումը: Ծանոթանալով նախկին ներկայացումներին՝ անմիջապես առաջարկեցին փառատոնին ներկայացնել հաջորդ բեմադրությունը:
-«Ագորա» թատերախումբն այժմ նոր ներկայացում պատրաստո՞ւմ է:
-Այո՛, «Գոյ» թատրոնում շուտով խաղալու ենք նոր ներկայացում, որը կոչվում է «Պանդա արջերի պատմությունը»: Ես մարմնավորելու եմ, այսպես ասած, այն աշխարհից եկած էակի կերպար, աղջկա, ով բացում է լիովին նոր իրականություն մի տղայի եւ հանդիսատեսի համար:
-Թատրոնը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ նոր թատերախմբեր են ստեղծվում: «Ագորա»-ն կարողանո՞ւմ է գոյատեւել դաշտում:
-«Ագորայով» տարեկան մեկ-երկու պրեմիերա անպայման ունենում ենք, ամեն բան անում ենք, որ մեր փոքրիկ թատերախումբը հանկարծ չկոտրվի: Լինում են պահեր, որ սեփական գրպանից ենք ներդրումներ անում ընդհանուրի համար, կամ նախկին ներկայացումից ստացված գումարը ծառայեցնում ենք հաջորդին: Ինքս թատերախմբերի ծնունդը, առհասարակ, շատ եմ կարեւորում, ուզում եմ, որ դրանք շատանան: Բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանն անում է ամեն բան, որ «Ագորան» գոյատեւի: Անընդհատ մտածում եմ՝ ինչպես անենք, որ նա հանկարծ թեւաթափ չլինի: Իր գործունեության սկզբում բեմադրիչն անչափ ոգեւորված էր, բայց հիմա զգում եմ, որ շատ է անտեսվում. դա չի կարող չանդրադառնալ նրա ստեղծագործական կյանքի վրա:
-Գուցե թատերագետնե՞րը լավ չեն աշխատում:
-Մենք տարին մի քանի անգամ ներկայացումներ ենք ունենում, իսկ թատերագետներն այդ մասին տեղյակ չեն. դա շատ վատ է, նշանակում է՝ թատերագետն այսօր ակտիվ չէ: Ես այդ առումով շատ անհանգիստ եմ: Թատերագետին չպետք է կանչեն թատրոն. նա ինքը պետք է գնա:
-Ինքներդ՝ որպես արվեստի մարդ, Ձեր ոլորտում եւ մեր երկրում իրավիճակը բարելավելու համար ի՞նչ ելքեր եք տեսնում:
-Ես՝ որպես քաղաքացի, ահավոր անհանգիստ եմ այս երկրի համար, փորձում եմ որեւէ ելք գտնել, շատ եմ ամաչում ապագա սերունդների առաջ: Վախենում եմ, որ կկորցնենք մեր անկախությունն ու ազատությունը, ապագա սերունդները կնայեն մեզ ու կասեն՝ ինչ հիմար են եղել սրանք… Մտածում եմ՝ ինչպես կարող եմ ինքս պայքարել, որ երկիրը պինդ մնա: Իմ զենքն իմ արվեստն է, որքան կարողանամ, պետք է այնպես անեմ, որ դրանով օգուտ բերեմ իմ հայրենիքին. նաեւ արվեստով է գնահատվում երկրի վիճակը:
-Կին եւ տղամարդ արվեստագետների միությունը Ձեր ընտանիքի պարագայում հաջողությամբ է պսակվել, ո՞րն է գաղտնիքը:
-Իրականում այդպես ավելի հեշտ է, նախ՝ որովհետեւ մենք երկուսս էլ գիտակցում ենք մեր մասնագիտության դժվարությունները, ինքն ինձ է հարստացնում իր աշխարհով, ես՝ իրեն, դե, իարկե, մեզ ամենաշատը հարստացնում է երեխան…
-Ձեր փոքրիկն արվեստի ոլորտում է մեծանում, կուզենա՞ք՝ Ձեր ուղին շարունակի:
-Ես՝ այո՛, թեեւ հայրը շատ չի ուզում… Ամեն դեպքում, եթե ոչ դերասանական ոլորտում, կարծում եմ՝ նա ապագայում կդրսեւորի իրեն արվեստի որեւէ ասպարեզում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԹԵՀԼԵՐՅԱՆԸ` ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
Լորանս Շասսենին եւ Բեռնար Ժորժին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նկարահանում են «Թեհլերյանի դատավարությունը. հայերի վրեժխնդրությունը» ֆիլմը, որի նկարահանումները մի քանի օր է, ինչ սկսվել են: NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ ֆիլմում իր դերակատարությունն ունի նաեւ հայ մոդել Էմիլ Մարկը: «Մեծ պատվով ու պատասխանատվությամբ եմ մարմնավորում Արամ Երկանյանի կերպարը, ում հայ ժողովուրդը պարտական է Ցեղասպանության տարիների թուրք դահիճներին պատժելու գործում: Չեմ կարողանում հավատալ, որ որպես դերասան հանդես եմ գալու այն ֆիլմում, որը կբարձրանա եվրոպական էկրան՝ աղաղակելով Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է Էմիլ Մարկը: Նշենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլին:

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԵՐԻԱԼ
Տեւական դադարից հետո Մովսես Երեմյանը կրկին նկարահանվում է սերիալում: Bravo.am-ի փոխանցմամբ՝ էկրանից բացակայելու համար դերասանն իր պատճառներն ուներ. նա զբաղված էր պարային ստուդիայի աշխատանքներով, իսկ «օճառային օպերաներում» հանդես գալու ցանկությունն այնքան էլ մեծ չէր, քանի որ գերադասում էր հանդես գալ գեղարվեստական ֆիլմերում: Վերջերս, սակայն, Մովսեսն ընդունել է նոր՝ «Ամնեզիա» սերիալում նկարահանվելու առաջարկը: «Ավելի վաղ շատ առաջարկություններ եմ ստացել, բայց մերժել եմ, իսկ այս դեպքում կերպարին ծանոթանալուն պես հավանեցի այն եւ որոշեցի մի քանի ամիս խաղալ սերիալում: Նկարահանվելու ցանկությունս մեծ է»,-ասել է նա:

 

ԲԵՅՈՆՍԵՆ «ԱՄԵՆԱԹԱՆԿՆ» Է
Բեյոնսեն հեղինակավոր «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է 2014-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհին: Նա այս տարի վաստակել է 152 միլիոն դոլար եւ իր եկամուտով գերազանցել է անգամ Մադոննայի գրանցած ցուցանիշը: Բեյոնսեն այդ գումարը կուտակել է 95 համերգներից եւ «Beyonce» ալբոմից ստացված հասույթից: Բացի այդ՝ երգչուհին նկարահանվել է «PepsiCola» ընկերության եւ H&M հագուստների ապրանքանիշերի գովազդային հոլովակներում:
Նշենք, որ աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Թեյլոր Սվիֆթը՝ 64 միլիոն դոլար եկամուտով, իսկ երրորդ տեղում Փինքն է, ով հասցրել է վաստակել 52 միլիոն դոլար: Լավագույն հնգյակը եզրափակում են Ռիհաննան (48 միլիոն դոլար) եւ Քեթի Փերին (40 միլիոն դոլար):

 




Լրահոս