ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրավիճակը լարված էր: Մի խումբ բնակիչներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով հանդիպում կազմակերպել իրենց հարազատ Վլադիմիր Գասպարյանի հետ. «Թող գա, նա մեզ կհասկանա, սաղ կբացատրենք»:

 

Դանակը հասել է ոսկորին
Երեկ armlur.am-ին տեղեկություններ էին հասել, թե վարդենիսցիները հավաքվել են Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհի մոտ՝ փակելու այն: Դեպի Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհի երթեւեկությունը կաթվածահար անելու քայլը, մարդկանց գնահատմամբ, վաղուց է հասունացել: Մարդիկ բողոքել են քաղաքի ոստիկանապետ Վալերի Բաղյանից. նա վերջերս է նշանակվել այդ պաշտոնում եւ արդեն հասցրել է բռնություններ գործադրել շատերի նկատմամբ: Բողոքավորներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Բաղյանն անհիմն կերպով բերման է ենթարկել քաղաքացիներին եւ նշանակման առաջին օրերից գրեթե բոլորի տներում (անգամ կրկնակի խուզարկությունների ճանապարհով) ոսկու հանքաքար է փնտրել:
Նշենք, որ Սոթքի ոսկու հանքից հանքաքար գողանալն աշխատատեղ չունեցող քաղաքի բնակչության հիմնական ապրուստի միջոցն է: Նոր ոստիկանապետն էլ որոշել է «կարգ ու կանոն» հաստատել` արդեն տասնյակ տարիներ ավանդույթ դարձած ապրելակերպը փոխելով: «Մենք գիտենք, որ մեր գյուղացիք վատ բան են անում` հանքից ոսկի հանելով: Բայց ի՞նչ անեն, ճար չունեն, ո՞նց ապրեն: Էս միլպետն էլ դրել` բոլորին տեռորի է ենթարկում. մարդ կա` տունն արդեն երրորդ անգամ են խուզարկում գազան-վայրենու նման: Էրեխեքը միլիցու ավտո տեսնելիս չորանում են վախից: Սենց ապրել չի լինի: Մարդկանց էլ տանում վախացնում են, թե չբողոքեք, ձեն չհանեք։ Սենց ո՞նց կլնի»- դժգոհել էր հավաքված քաղաքացիներից մեկը:

 

Քաղաքապետի անիմաստ հերքումը
Ճանապարհին խմբված բնակիչները մոտ մեկ ժամ անց գնացին Վարդենիսի քաղաքապետարան՝ պահանջելով Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին «արթնանալ քնից» եւ լսել իրենց բողոքը. «Հիմա դու քաղաքապետ ե՞ս, թե՞ ինչ ես: Մեզ նեղում են, բա ո՞ր օրվա համար ես ընտրվել»: Այս աղմուկ-աղաղակի պայմաններում քաղաքապետ Խլոյանը չի կարողացել խուսափել բնակիչներից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա բնակիչներին հրավիրել է քաղաքապետարանի մեծ դահլիճ, զանգահարել եւ հանդիպման է հրավիրել նաեւ ոստիկանապետ Բաղյանին: Մեզ հայտնի դարձավ, որ գյուղացիներին հուզող բոլոր հարցերին ի պատասխան Բաղյանն ասել է, որ ինքն արել է «վերեւների» հրահանգը, եւ ոչ ավելի: Այս պատասխանն ավելի է զայրացրել բնակիչներին, ովքեր պահանջել են Վարդենիս հրավիրել «վերեւներին»: Մեր տեղեկություններով՝ վարդենիսցիների մի մասը գնացել է Գավառ՝ հանդիպելու Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանին: Բայց վարչության պետի պատասխանը եւս չի գոհացրել բնակիչներին. նրանք այս անգամ պահանջում են հանդիպում կազմակերպել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Սակայն Վարդենիսի քաղաքպետ Վոլոդյա Խլոյանն այս իրողությունն անհասկանալի տրամաբանությամբ փորձեց թաքցնել: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ոչ մի բողոք ու դժգոհություն չկա եւ, առհասարակ, քաղաքապետարանի մոտ որեւէ քաղաքացի չի եղել: Թե ինչո՞ւ հերքեց, այդպես էլ անհասկանալի մնաց, քանի որ լուսանկարը հակառակն է ապացուցում:

 

Խոսեք փաստերով
Իսկ ի՞նչ ծեծուջարդի մասին են խոսել բնակիչները եւ կոնկրետ ինչի՞ մեջ են մեղադրում Վարդենիսի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Բաղյանին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3 բնակիչ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծովակ գյուղի բնակիչ Հայկ Հայրապետյանը պատմեց, որ օրեր առաջ ծեծի են ենթարկել իր եղբորը` Գնել Հայրապետյանին, եւ նրա երկու որդիներին` Արամայիս եւ Արսեն Հայրապետյաններին:
«Մի քանի օր առաջ տղաները թեթեւ վիճաբանություն են ունեցել եւ նրանց տարել են ոստիկանության Վարդենիսի բաժին ու ահավոր ծեծել: Ծեծողները եղել են Վարդենիսի ոստիկաններ: Ու ոնց կարող էին նրանք իմ հարազատներին ծեծեին առանց Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի հրահանգի: Ի՞նչ ասեմ, Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է այս ամենով ու ամեն ինչ կպարզվի, թե ում հրահանգով են ծեծել: Ծեծել են, ասել են` գրի, զաստավիտ են արել, թե ում անունը կտանք, դա էլ գրեք ու այն աստիճանի են ծեծել, որ երեխեն չի էլ իմացել, թե ում անունն է գրել, ուշաթափվել է»:
Ըստ Հայկ Հայրապետյանի` իր եղբոր որդիներից մեկը երեք օր եղել է բժիշկների հսկողության տակ, իսկ հիմա ամբուլատոր բուժում է ստանում. «Էս ինչ վիճակ են ստեղծել, էս ո՞ւմ են ուղարկել էս ժողովրդի վրա, վայրենի մարդիկ են բերել, էս երկիր չի: Մարդկանց տներն են մտնում, գրպանները, շկաֆները բան են ման գալիս, ու ժողովուրդն էլ չդիմանալով գնացել է քաղաքապետարան, պահանջել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գա Վարդենիս ու ասի, թե այդ օրենքը որտեղ է գրված: Մենք Գասպարյանին շատ լավ գիտենք, նա մեր մարզում աշխատել է, գիտենք, որ հարցերին ճիշտ լուծում կտա: Մեր հարազատն ա, սենց ասեմ»:

 

Բանը հասավ դիվանբաշուն
«Ժողովուրդ»-ը ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից տեղեկացավ, որ բռնության գործադրմամբ զուգորդված «պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»:
Նկատենք, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը միակ ոստիկանապետը չէ, որի անվան շուրջ սկանդալային միջադեպ է տեղի ունենում: Հիշեցնենք, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանն էլ հանցագործությունը թաքցնելու համար կալանավորվել է եւ այս գործը եւս գտնվում է ՀՔԾ-ում: Այս մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Մարտի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի մոտակայքում: Թիվ 27 համարի երթուղայինի ու 45sv045 համարանիշով Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդները ճանապարհը չզիջելու համար լուրջ վիճաբանություն են ունեցել միմյանց հետ: Բանն այնտեղ է հասել, որ 45sv 045 մեքենայի վարորդը ստիպել է երթուղայինի վարորդին կանգնեցնել մեքենան, ինքն էլ իր մեքենայից իջնելով հայհոյանքներ եւ սպառնալիքներ է հնչեցրել երթուղայինի վարորդի հասցեին: Երթուղայինում գտնվող քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ստեղծված իրավիճակից խիստ վախեցած իրենք դուրս են եկել երթուղայինից եւ հեռացել տարածքից՝ ոտքով:

 
ՏՆՕՐԵՆԻՑ «ՔՑՎԱԾՆԵՐԸ»

2013 թվականին հայտնի դարձավ, որ Գյումրիի մանկապարտեզի տնօրեն Գոհար Չիլինգարյանը Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված 1 միլիոն 760 հազար դրամից փոխանակ աշխատակիցների աշխատավարձը վճարի՝ պարզապես գրպանել էր գրեթե ամբողջությամբ: Պաշտոնական լիազորությունների չարաշահման առիթով հարուցվել էր քրեական գործ եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ դեռ գործը քննվում է:
Օրերս «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մանկապարտեզի տնօրեն Գոհար Չիլինգարյանը մի շարք պարտքեր ունի նաեւ Շիրակի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա «քցել» է Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանին եւ այլ պաշտոնյաների: Սակայն Սահակ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, եւ ինքը, առհասարակ, շփում չի ունեցել մանկապարտեզի տնօրենի հետ:

 

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ես էդ ամեն ինչի մեջ մի քիչ ծիծաղելի բան եմ տեսնում, անկեղծ ասած, մի քիչ էլ ոչ կոռեկտ` հայ ազգի նկատմամբ…»:

Վազգեն Մանուկյան 1in.am
Հետաքրքիր է՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի մասով ի՞նչն է անհասկանալի, ի՞նչն է Հանրային խորհրդի նախագահի համար այդքան ծիծաղելի եւ ոչ կոռեկտ` այն էլ հայ ազգի նկատմամբ: Այն կարելի է նորմալ քաղաքական գործընթաց որակել` անկախ նրանից, թե ովքեր են այդ ոչ իշխանական ուժերը: Հատկապես Վազգեն Մանուկյանը` որպես նախկին ընդդիմադիր, պետք է որ դա ավելի լավ իմանա: Այլ հարց է, որ իշխանության կողմից պաշտոն ստանալուց հետո ԱԺՄ նախագահին այլեւս ձեռնտու չէ նման բաների մասին մտածելը: Նա արդեն նախագահ է ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչի:

 
«Աշխարհում տարեցտարի ավելի է կարեւորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը եւ մենք այս ոլորտում համաշխարհային կազմակերպությունների հետ նոր ծրագրեր եւ աշխատանքներ ենք տանում»:

Դերենիկ Դումանյան 168.am
ՀՀ առողջապահության նախարարի ասածն, իհարկե, ճշմարտություն է` եւ միանգամայն նորմալ: Խնդիրն այն է, որ պարզապես այս միտքը շատ հետաքրքիր է հնչում Հայաստանի այսօրվա ընդհանուր վիճակի ֆոնի վրա: Իսկապես որ այս իշխանությունների ձեռքում հատկապես Հայաստանում հոգեբույժի եւ հոգեբանի մասնագիտությունը տարեցտարի պետք է ավելի կարեւորվի: Կյանքի պայմանների վատացման եւ արդարության բացակայության հետ կապված՝ գնալով ավելանում է վերջինների պահանջարկը: Եվ եթե այս իշխանություններն այսպես շարունակեն, ապա հոգեբանի կարիք կունենա ժողովրդի մեծ մասը:

 
«Որոշողները մենք չենք, թե ովքեր են ստանալու կրթաթոշակ, որոշողները այն փաստաթղթերն են, որոնք իրենք ներկայացնում են»:

Կարեն Ավագյան «Առավոտ»
Այդ երբվանի՞ց մեր երկրում ՀՀԿ-ն որոշող չդարձավ: Իսկ մենք գիտեինք, թե ամեն ինչ իրենց ձեռքում է, «որքան ուզեն, այդքան էլ կխփեն»: Հիմա եթե ուսանողների կրթաթոշակի մրցույթը հայտարարված է եղել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից եւ դա արվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, ապա քիչ հավատալի է, որ այդտեղ ամեն ինչ որոշում են փաստաթղթերը, այլ ոչ թե կազմակերպիչները: Բայց կուսակցության երիտթեւի` արդեն ոչ այնքան երիտասարդ նախագահն այնուամենայնիվ իր սովորության համաձայն կպնդի հակառակը, ինչպես փուչիկները պայթելուց հետո ասաց, թե ինքը կապ չունի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս