Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ներկայացնեմ քննարկումների շրջանակներում այն խնդիրները, որոնց անդրադարձ է կատարվել և ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ պետական բյուջեում ժամանակավոր անաշխատունակության նպաստների և հղիության նպաստների համար տրվող բյուջետային միջոցներն աճել են 4 անգամ:
«Ուսումնասիրվել են այն հիմնական գործոնները, որոնք աճի վրա ազդեցություն են ունեցել, դրանք հիմնականում երեքն են՝ աշխատավարձի աճ, հիվանդության տևողություն, ծնելիություն: Վերլուծությունը ցույց տվեց, որ չէին կարող ծախսերն այդքան ավելանալ: Խորը վերլուծությունները ցույց տվեցին, որ, առանց օրենքը խախատելու՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ ուղղակի օգտագործվում է օրենքի կարգավորումը, օրինակ՝ կնոջը մեկ-երկու ամիս ձևակերպում են աշխատանքի և ուղարկում հղիության արձակուրդ և այլն…»,- պարզաբանեց նախարարը:
Ա. Ասատրյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում եղել են առաջարկություններ, որոնք թույլ են տալիս խնդիրը լուծել: Նախարարը ներկայացրեց ներառված առաջարկները:
«Որպեսզի տնտեսապես արդյունավետ չլինի միայն նպաստ նշանակելու և վճարելու համար հղի կնոջն ընդունել աշխատանքի, առաջարկվել է չաշխատող մայրերին ևս նպաստ վճարել: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով շեմ է սահմանվել, որը նաև շեմ կհանդիսանա, որ աշխատող մայրը, անկախ նրանից, թե որքան կկազմի նպաստի չափը, դրանից պակաս նպաստ չի ստանանա: Մյուս կարևոր լուծումն այն է, որ վճարված աշխատավարձը հաշվարկվելու է միջին աշխատավարձ», – ներկայացրեց նախարարը: