«ԱՎԵԼԱՑՆԵԼ ՏԻԿԻՆ ՌՈԶԱՅԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ»
Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի` «Դեմ եմ» նախաձեռնությանը միանալու հարցին, հայտարարել էր, թե «Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիրը», Ժիրայր Սէֆիլյանը պետք է ելույթ ունենա որպես «Նախախորհրդարան»-ի ներկայացուցիչ, ապա դա կարող է մի կողմից` անհասկանալի տպավորություն ձեւավորել հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ արտախորհրդարանական այլ ուժերի կողմից ելույթներ չունենալու հարցում, մյուս կողմից` խոցելի կդարձնի շարժումը»:
Այսինքն` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը կարող են կազմաքանդել «Դեմ եմ» շարժումը եւ նրանց «ներկայությունը» կարող է վատ հետեւանքներ ունենալ հետագայում: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հետ` պարզելու նորաստեղծ ուժի ներկայացուցիչների տեսակետն այս հայտարարության շուրջ:
-Պարոն Սիմոնյան, հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր»-ը խոչընդոտի «Դեմ եմ» նախաձեռնության հետագա ընթացքին ու պատճառ դառնա, որ շարժումը «թուլանա»:
-Նախ ասեմ, որ դա առաջին հերթին պետք է որոշեն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, դա իրենց որոշելիքն է: Բայց ես չեմ հասկանում տրամաբանությունը, այսինքն, եթե, օրինակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն այժմ ներկայացնում է Սերժ Սարգսյանին՝ Գերմանիայում, արդյոք դա թուլացնո՞ւմ է դաշնակցությանը, որպես ոչ իշխանական ուժ, ինչպես իրենք են սիրում արտահայտվել:
-Այդ ամենը, կարծես թե, ավելի շատ կապվում է Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի անձերի հետ:
-Ժիրայր Սէֆիլյանի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ իր հետ, ուղղակի նա իմ կողմից հարգված անձնավորություն է: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա ասեմ, որ այսօր բոլորին պարզ է, որ Նիկոլն ինքն իրենով ունի ձայն, ուժ ու կշիռ մեր հասարակության լայն շրջանակների մոտ: Այնպես որ, չգիտեմ ինչ ասել, ուղղակի չեմ ցանկանում ինչ-որ վատ բաներ ասել, չեմ ցանկանում նեղացնել իմ գործընկերներին: Մի բան հստակ է. եթե մի քանի կուսակցություններ միասին խոսում են մեկ կամ երկու մարդու մասին, ուրեմն այդ մարդիկ կարող են շարժմանն ընդամենը ուժ հաղորդել եւ ոչ թե խանգարել: Այսինքն՝ այդ մարդիկ ունեն կշիռ, որի մասին խոսում են:
-Մարտի 22-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը մեծ հանրահավաք է կազմակերպել: «Քաղաքացիական պայմանագիր»-ը մասնակցելո՞ւ է, թե՞ նման հայտարարություններից հետո նպատակահարմար չեք գտնում մասնակցել:
-Մենք ամբողջ կազմով մասնակցելու ենք «Դեմ եմ»-ի հանրահավաքին, ենթադրում եմ, որ նաեւ ելույթ կլինի: Ինչպե՞ս կարող է մի կուսակցության հայտարարություն կամ դիրքորոշում խոչընդոտ հանդիսանալ համախմբվելու, կամ մարդկանց կողքը կանգնելու հարցում: Մենք քաղաքական խաղեր չենք խաղում, մենք ռեալ բաների ենք հավատում ու վստահում:
-Նախօրեին ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը վերջապես որոշեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնել: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ:
-Ուզում եմ խնդրել, որ այդ պահանջին ավելացնեն նաեւ մեր շենքի լիազոր տիկին Ռոզայի հրաժարականի պահանջը: Ես անլուրջ եմ վերաբերվում ու համարում եմ, որ այս գործընթացի կազմակերպիչների գաղափարական կյանքը շատ կարճ է տեւելու, որովհետեւ նախանշված ամսի 28-ին, որը լինելու է այդ հարցի քննարկման օրը, հաջորդելու են ամսի 29-ը եւ մնացած օրերը, ու պարզ է դառնալու, որ դա վակուումը լցնելու եւս մեկ անգամվա փորձ էր: Ոչինչ ավելի:
-Իսկ ի՞նչն է Ձեզ ստիպում անլուրջ վերաբերվել այդ որոշմանը: Գուցե կուսակցությունների գործունեությու՞նն է ստիպել նման եզրակացության գալ:
-Անլրջությունն այն է, որ պայքարում են Տիգրան Սարգսյանի դեմ, այն պարագայում, երբ բոլորին հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը ոչ մի բան չի որոշում: Փաստացի ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բարձրացված բոլոր խնդիրներին ինքը տեղյակ է եւ ինքն է որոշումներ կայացնում: Դա ասվել է բառացիորեն, ու այդքանից հետո նման հայտարարությամբ հանդես գալը, կարծում եմ, անլրջություն է: Տիգրան Սարգսյանի փոխարեն լինի Սարգիս Տիգրանյանը` մեկ է, որեւիցե բան չի փոխվելու, թիրախն ուրիշ տեղ է: Սա ընդամենը չարաճճիություն է, որը ողջունելի չէ մեր այսօրվա իրավիճակում: Երբ մարդիկ այսքան հուսահատված են, իսկ այդ քաղաքական ուժերն իսկական չարաճճիությամբ են զբաղվում, դա մարդկանց հիասթափեցնում է: Մեր իրական թիրախը իշխանափոխությունն է, ոչ թե անձափոխությունը, մեկով մյուսին փոխարինելու խնդիր դրված չէ: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հնարավոր է միայն այն պարագայում, երբ որ քաղաքական մեծամասնության կամքը լինի:
ՀԱԿ-Ը ՊԵՏՔ Է ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՄՈՏԵՆԱ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Չնայած խորհրդարանական չորս ուժերի միջեւ համագործակցությանը, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը պարբերաբար հանդես է գալիս «հրաշալի քառյակի» անդամներից մեկի` Հայ ազգային կոնգրեսի հասցեին քննադատություններով: ՀԱԿ ներկայացուցիչների հայտարարություններին նա արձագանքում է հրապարակայնորեն եւ բավականին սուր: Մինչդեռ, նկատենք` քաղաքական համագործակցությունը ենթադրում է, որ անգամ առկա տարաձայնությունների դեպքում դրանք այս փուլում պետք է մի կողմ թողնել եւ միավորվել գերխնդրի` իշխանությունների դեմ պայքարի շուրջ: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ս. Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, նկատելի է, որ վերջին ժամանակահատվածում քննադատության թիրախ եք դարձրել հատկապես Հայ ազգային կոնգրեսի գործողությունները: Որն է պատճառը:
-Ճիշտն ասած, չեմ կիսում նման գնահատականը: Առաջին հերթին իմ գնահատականները հնչում են կոռեկտության սահմաններում ու դա արվում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի համապատասխանում մեր դիրքորոշումներին: Լինում են դեպքեր, երբ լրագրողներն են նման հարցեր հնչեցնում ու մենք էլ պատասխանում ենք: Նախկինում «Ժառանգություն»-ն էր ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված օրինագծեր ներկայացնում, իսկ ՀԱԿ-ը մշտապես ազատ իր դիրքորոշումներն էր արտահայտում: Կարծում եմ` այժմ էլ նորմալ պրոցես է` արտաքին քաղաքականության հետ կապված այլ տեսակետներ լսելը: Այն ժամանակ ես եմ նորմալ վերաբերվել, երբ իրենք են քննադատությամբ հանդես եկել, այժմ էլ կարծում եմ՝ իրենք պետք է ըմբռնումով մոտենան այդ քննադատություններին: Եթե ԱԺ 3 ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելով` մենք ունենք նմանություններ,ապա նույնկերպ էլ մենք կարող ենք ունենալ տարբերություններ: Դրանք չպետք է սարսափելի ընդունվեն:
-Իսկ կոնկրետ ՀԱԿ-ի գործունեության մեջ ինչն է , որ Ձեզ դուր չի գալիս:
-Այստեղ գործունեության դուր գալու խնդիր չկա, քաղաքականությունն այն տեղը չէ, որտեղ պետք է ինչ-որ բան դուր գա, կամ չգա: Ինձ համար սա զգայական գործունեության ոլորտ չէ: Ես չեմ կարող կաշկանդված լինել քառյակի համագործակցությամբ եւ ընդունել այն, ինչն ինձ համար ընդունելի չէ, ասել, որ ամեն ինչ հրաշալի է կամ ողջունում եմ:
-Վերջին ժամանակներս տարբեր հարցերի շուրջ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների տեսակետները տրամագծորեն տարբեր են, անգամ` հակասական: Որն է պատճառը:
-Կա «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշում, որից ես երբեք դուրս չեմ գալիս եւ կան նաեւ անձնական դիտարկումներ: Ես՝ որպես կուսակցության գործիչ, ունեմ նաեւ իմ անձնական ազատության աստիճանը: Միգուցե ուրիշները չեն ցանկանում իրենց կարծիքները հայտնել, բայց, ներեցեք, ես ինձ ազատ եմ զգում ու չեմ կարծում, թե որեւէ կերպ խախտում եմ կուսակցության կանոնադրությունը:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ
Այն բանից հետո, երբ ԱԺ չորս խմբակցությունները նախօրեին հայտարարեցին ապրիլի 28-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին, ՀՀԿ-ականներն անցան հակահարձակման: Այս օրերին ամենատարբեր տրամաչափի ՀՀԿ-ականներ հայտարարում են, թե ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը որեւէ արդյունք չի տա, քանի որ նրանք խորհրդարանում չունեն մեծամասնություն: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների պահվածքին, հակադարձեց. «Եթե իշխանություններն այդքան ուժեղ են, այդքան վստահ են, այդ դեպքում անհանգստանալու բան չպիտի ունենան, թող արհամարհեն` գնա»: Արամ Մանուկյանի կարծիքով՝ իշխանություններն, ընդհակառակը, իրենց նախաձեռնությունը քննադատելով ցույց են տալիս, որ «հրաշալի քառյակի» քայլերից անհանգստացած են եւ խուճապի մեջ:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեռ սպասում են ՀՀ կառավարության որոշմանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդման հետ կապված: Մեր զրուցակցի խոսքերով՝ «Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի նա չքանդի «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ երբ կառավարությունն ընդունի որոշում տեղյակ կլինենք՝ ինչ են որոշել, իսկ այժմ որոշում չկա: Դեռեւս սպասում ենք պատասխանին»: Նշենք, որ վերջերս Հանրային խորհրդի անդամները Վ. Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ համատեղ որոշել սպասել մինչեւ կոնցեսիոները պատասխան տան, թե, ի վերջո, ինչ «ճակատագիր» է ունենալու օդանավակայանի կլոր շենքը:
ՇՓՈԹԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԵ՞Տ
Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոններ խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետեւանքով դիրքերում հնչել է կրակոց եւ Արմանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը` վիրավորվել: Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվել: Նշենք, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր: Բանակ էր զորակոչվել 2012թ աշնանը: