ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԼԱՎ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ ստացավ մի քաղաքացուց, որը դժգոհում էր Երեւանի ճանապարհների փոսերից: Սակայն Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են:
«Շատ են ճանապարհների փոսերը: Ցանկալի է, որ ասֆալտապատեն, որովհետեւ դրանց հետեւանքով մեքենաս վնասվել է: Իսկ պետությունից փոխհատուցում չկա»,-դժգոհեց 25-ամյա Հակոբը: Իսկ 35-ամյա Դավիթը կարծիք է հայտնում. «Երբ նոր ասֆալտապատված ճանապարհով ընթանում ես, ոնց որ կարագի վրայով վարես: Փոսերից հետո կոմֆորտը միանգամից զգացվում է»:
Այս հարցի շուրջ զրուցեցինք ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Էդիկ Հովհաննիսյանի հետ: «Մեքենան ինչո՞ւ պետք է ճանապարհին փչանա: Ճանապարհն ունի իր տեխնիկական նորմերը, եթե դրանք այնպես են խախտվում, որ մեքենային կարող է վնաս հասցվել, ապա ով որ տիրապետում է այդ ճանապարհը, նա պետք է ծախսերը հոգա: Ամեն մի ճանապարհ ունի իր տերը»,-վստահեցրեց Էդիկ Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ ճանապարհները վերանորոգելու համար հստակ ժամկետ կա, բայց ոչ ոք չի հետեւում դրանց:
Հովհաննիսյանը մի դեպքի նկարագրությամբ հավաստիացրեց, որ եթե մարդը հետեւողական է լինում, արդյունք արձանագրում է. «Մի վարորդ էր մեզ դիմել: Ճանապարհի վատ լուսավորության պատճառով սառցակույտը չէր նկատել, եւ նրա մեքենան շուռ էր եկել: Մենք նրան խորհուրդ տվեցինք դիմել քաղաքապետարան, իսկ այնտեղից էլ ուղարկել էին տվյալ տարածքի թաղապետարան: Բայց թաղապետարանն էլ իր հերթին ուղարկել էր քաղաքապետարան: Այդ ամենից հետո վարորդը դիմել էր դատարան, որտեղ պարզվել էր, որ պատասխանատուն քաղաքապետարանն է: Եւ նրան փոխհատուցում էին տվել»:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Արթուր Գեւորգյանի հետ՝ պարզելու, թե այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում, եւ մինչեւ երբ մարդիկ պետք է մայրաքաղաքի փողոցների փոսերի մեջ կոտրեն իրենց մեքենաները: «Անշուշտ, բոլոր ուղղություններով տարվում են աշխատանքներ: Նախորդ տարիներին կատարած անորակ աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հստակ հանձնարարական է տվել, որ տնտեսվարողներն ու կազմակերպությունները, որոնք իրականացրել են ճանապարհների անորակ ասֆալտապատումը, այժմ իրենց միջոցների հաշվին պետք է վերացնեն այդ թերությունները»,-ասաց Ա. Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ հիմա ամբողջ քաղաքում այդ աշխատանքներն ընթանում են, եւ լավ կլինի՝ վարորդները զգուշությամբ շրջանցեն փոսերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս