Վետո դնող լինեինք, մեկ գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չգիտեմ` ի՞նչ գիշերվա մասին եք խոսում, բայց կարող եմ հստակ ասել, որ մեկ գիշերվա մեջ երբևէ լուրջ որոշում չի կայացվել»: ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի՝ պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե Պրահայում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը` «Մեկ գիշերում չէի կարող բոլորիդ կարծիքը հարցնել» ասելով՝ ի՞նչ գիշեր նկատի ուներ, այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Վերջինս վստահեցրեց, որ ԵՏՄ անդամակցության բանակցությունները տևել են տարիներ, որոնց ինքն անձամբ մասնակցել է: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` մտածե՞լ եք այն մասին, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, ի՞նչ կլինի:

Փաշինյանը նշեց նաև, որ հիմա Կարայանը կարդարանա, թե «Կարող ենք վետո դնել» ու մեկնաբանեց. «Վետո դնող լինեինք, մեկ գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի»:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, թե ԵՏՄ անդամակցության գործընթացների պատճառով այժմ Երևանում 460 դրամով նույնիսկ դժվար է դոլար գտնել: Կարայանն արձագանքեց. «ՀՀ-ում փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականություն է վարվում, և դա կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ»: Ն. Փաշինյանը մտահոգվեց, թե «հիմա ի՞նչ, կանայք տրայնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են սկսելու օգտագործել» կամ էլ «ղազախական կահո՞ւյք ենք» սկսելու օգտագործել: Հերմինե Նաղդալյանը միջամտեց. «Կռասնայա Մոսկվա»:




Լրահոս