Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրերի կարգը փոխելու հետ կապված քննարկում: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի խոսքով,ամեն ինչ արվում է, որպեսզի ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքներն ավելի արդյունավետ բնույթ կրեն:
«Առաջ, եթե 800 այցելություն ունեցող կայքերի լրագրողները կարող էին հավատարմագրվել, նոր կարգի համաձայն, որը դեռևս նախագծային փուլում է` առնվազն 2000 այցելություն ունեցող կայքերի լրագրողները միայն կարող են հավատարմագրվել»,- նշեց Բաբայանը: Վերջինս նշեց, որ նոր կարգը կսահմանի նաև լրատվական կայքերի այցելությունների, ինչպես նաև օրական առնվազն մեկ անգամ թարմացում ունեցող կայքերի գործունեությունը: «ԱԺ կարող են հավատարմագրվել օրական առնվազն մեկ անգամ թարմացում ունեցող կայքերի աշխատողները»,- եզրափակեց Արսեն Բաբայանը:
Նշենք, որ առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթերի, հեռուստատեսության և ռադիոյի համար նշված նախագծում որևէ բան չի սահմանվում: