Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Դրանում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները: Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց ստորաբաժանումով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը և աշխատանքային պայմաններին:
Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները և կարևորել դրանց հետագա շարունակականությունը:
Վերը նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն ստորաբաժնման ներքո են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր:
Դրանով հնարավորություն կընձեռնվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ: