ԵՏՄ տարածք չի կարող ներկրվել և այդ տարածքից մի երրորդ երկիր արտահանել գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ ու այլ ապրանքներ: Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվեց այդ ցանկը, իսկ նախագիծն էլ ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ըստ կառավարության որոշման՝ Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված է նաև ներմուծել և մեր մաքսային տարածքով փոխադրել վտանգավոր թափոններ:
«Չի թույլատրվում նաև տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են»,- ներկայացրեց Կարեն Ճշմարիտյանը: