Ադրբեջանական կողմն այսօր` հունվարի 4-ին, մեղադրել է հայկական զինուժին շմփան գծի Աղդամի հատվածում ադրբեջանական գյուղերը հրետակոծելու համար, ինչը Ռազմինֆոյի հետ զրույցում հերքել է ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Նշենք նաև, որ հունվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել` հայտարարելով, որ հայկական կողմի գործողությունները հանգեցնելու են «էլ ավելի ծանր ու շոշափելի կորուստների», ինչպես նաև հերթական անգամ հայտնել «օկուպացված տարածքները թշնամուց ազատագրելու լիակատար պատրաստության» մասին։
«Եթե Ադրբեջանը նոր տարին սկսում է նման կերպ, ապա հայկական կողմի պատասխանն էլ ավելի ծանր է լինելու»,- մեկնաբանել է Ռազմինֆոյին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ երեկ՝ հունվարի 3-ին, ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական զինուժի կորուստների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է.
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը:
Միաժամանակ, ՀՀ ՊՆ-ն միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները: